17:45 | 22.01.15 | Նորություններ | 6150

«ՄԻԿ աքսելերացիա» ծրագրին կմասնակցի 8 թիմ

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամի կազմակերպած «ՄԻԿ աքսելերացիա» ծրագրին կմասնակցի 8 թիմ:

Թիմերն ընտրվել են 2015թ. հունվարի 12-15-ը: Ծրագիրը կանցկացվի փետրվարի 2-ից մինչեւ ապրիլի 26-ը:

Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշել է ՄԻԿ ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը, ծրագրի ընթացքում թիմերին կուղեկցեն փորձառու մենթորներն ու խորհրդատուները:

«Բացի մասնագիտական, խորհրդատվական, ռեսուրսային եւ ցանցային աջակցությունից՝ մասնակիցները ՄԻԿ-ում կապահովվեն աշխատանքային տարածքով եւ համակարգիչներով, կմասնակցեն կենտրոնի կազմակերպած միջոցառումներին, դասընթացներին, սեմինարներին եւ իհարկե աջակցություն առաջին ֆինանսավորումը ստանալու հարցում»,- տեղեկացրել է Արտաշես Վարդանյանը:

2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա » ծրագրի դեմո օրը, որի ընթացքում թիմերը հնարավորություն կստանան իրենց վերջնական պրոդուկտները ներկայացնել ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չիլիի եւ մի շարք այլ երկրների ներդրողների, ձեռներեցների եւ մասնագետների դատին:  

«ՄԻԿ աքսելերացիա» ծրագրին կմասնակցեն հետեւյալ թիմերը.

•    Ask on’FIY - հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել հենց տեղաբնակներին բջջային հավելվածի միջոցով:

•    DAB - ծրագրի միջոցով սկսնակ երգիչները, դերասանները հնարավորություն են ստանում ցուցադրել իրենց տաղանդը եւ գտնել հովանավորներ:

•    DHUNT - ծրագրի միջոցով անհատները կարող են պատվիրել արագ սպառման ապրանքներ հենց մոտակայքում գտնվող խանութներից:

•    Eye Motion - տեսողության վերականգնողական խաղ՝ նախատեսված կլինիկաների եւ ՏՏ ընկերությունների համար:

•    Flaxon - ծրագիր, որը մի քանի սերվերների միջեւ տեղաբաշխում է սերվերներին ուղղված հարցումները:

•    Home Planning - ծրագիրն օգտատերերին հնարավորություն է ընձեռում պլանավորել տան ներքին հարդարանքը՝ առանց դիզայներներին վճարելու:

•    Moth - ծրագրավորման նոր լեզու, որը հիմնված է C# լեզվի վրա եւ նախատեսված է դպրոցականների համար:

•    Scru - բջջային հավելված, որի շնորհիվ նույն հետաքրքրություններն ունեցող մարդիկ իրական կյանքում հանդիպում են միմյանց:

Նշենք, որ Հայաստանից բացի, «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրն անցկացվում է նաեւ ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Պակիստանում, Չիլիում, Նեպալում: