17:21 | 10.11.14 | Նորություններ | 4169

Մարիո Մացցոլան դասախոսություն է կարդացել Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների համար

«Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան դասախոսություն է կարդացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում:

«Innovations in Data Center Networking» դասախոսությունը ունկնդրելու հնարավորություն են ունեցել Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները եւ 2014 թվականի ՀՀ նախագահի կրթական պարգեւի արժանացած ուսանողները:

Նշենք, որ Մարիո Մացցոլան Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2014թ.-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014) ստանալու համար: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենալու ՀՀ նախագահի նստավայրում՝ նոյեմբերի 12-ին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 5-րդ անգամ անընդմեջ ստանձնում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող այս մրցանակի հովանավորությունը:

«Հայաստանը տաղանդների երկիր է: Կյանքում չկա ավելի մեծ պարգեւ, քան հասնել մեր երազանքի իրականացմանը՝ Հայաստանի հզոր ներուժը տեսնել բացահայտված: Ձեզ հետ շփման հնարավորությունը մեզ թույլ կտա ավելի ճշգրիտ նախագծելու դեպի մեր երազանքը տանող ճանապարհը»,- դասախոսությանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նաեւ մրցանակակրի ընտրության համար պատասխանատու ընտրող հանձնաժողովի անդամ է:

«Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՀՏ ոլորտի հետ, եւ այս հեղինակավոր ու հավակնոտ մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է: Աշխարհի հսկաները բարձր տեխնոլոգիաների ասպարեզում գալիս են Հայաստան՝ բարձրացնելով մեր երկրի ճանաչողությունը՝ որպես ինտելեկտին ապավինող երկիր»,- ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Պատմության մեջ քչերն են ունեցել տեսլական, դիրք ու հնարավորություն ստեղծելու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք խոշոր պարադիգմային տեղաշարժ են առաջացրել ՏՏ ոլորտում՝ իրենց դրական հետքը թողելով մեր կյանքում: Մարիո Մացցոլան համաշխարհային ճանաչում վայելող այդ հազվագյուտ լուսավոր անձանցից մեկն է: Նա միշտ եղել է «Cisco»-ի հիմնական ուղղորդողը, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը շարունակական առաջատար լինել եւ  վերափոխել համացանցային արդյունաբերությունը համաշխարհային մակարդակում»,- ասել է «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը:

Հավելենք, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նպատակ ունի խրախուսել այս ոլորտի զարգացումը: Այն շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մարիո Մացցոլան 5-րդ մրցանակակիրն է: Հիշեցնենք, որ առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը երկրորդն էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Երրորդ մրցանակակիրը «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինն էր: Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Hitachi Electronic Devices Group»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ «Hitachi»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն եղել է չորրորդ մրցանակակիրը: