10:04 | 10.11.14 | Նորություններ | 4274

Նոյեմբերի 22-ից 23-ը Երեւանում կկայանա GDG DevFest-ը

2014թ. նոյեմբերի 22 եւ 23-ին Google Developer Group Armenia (GDG Armenia) խումբը Երեւանում արդեն երկրորդ անգամ կկազմակերպի GDG DevFest տեխնոլոգիական միջոցառումը:

Այն կկայանա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Երեւանյան GDG DevFest-ը նախորդ տարի հյուրընկալեց տեխնոլոգիաների ավելի քան 200 սիրահարների, ովքեր 2 օրերի ընթացքում ականատես եղան մի շարք տեխնոլոգիական պրեզենտացիաների, այդ թվում՝ Google ընկերության մասնագետ Իգոր Մահանյոկի Google Glass պրեզենտացիային:

Այս տարի եւս GDG DevFest երկօրյա միջոցառումը հագեցած կլինի բազմաթիվ տեխնոլոգիական պրեզենտացիաներով, որոնք կներկայացնեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում ընդգրկված թեմաները կունենան բազմակողմանի ուղղվածություն՝ Google ընկերության նորաստեղծ Polymer նախագծից մինչեւ AngularJS, խաղային տեխնոլոգիաներից մինչեւ ստարտափ ընկերություններ:

DevFest Հայաստան 2014-ը կունենա նաեւ հատուկ հյուր՝ Google ընկերության հայազգի աշխատակից Արամ Այազյանը:

Այս տարի միջոցառման երկրորդ օրը կկյանա նաեւ հաքաթոն, որը նվիրված կլինի Android-ի նորամուծություններից մեկին՝ Android Wear-ին: Հաքաթոնի մրցակից թիմերը 12 ժամվա ընթացքում կփորձեն ներկայացնել իրենց կողմից մշակված ծրագրերն ու հավելվածները՝ նախատեսված նորաստեղծ սարքերի համար:

Միջոցառման եւ հաքաթոնի մասնակցության համար բոլոր ցանկացողները կարող են գրանցվել http://DevFest.gdg.am/ կայքում:

Գլոբալ DevFest միջոցառման գլխավոր հովանավորն է Google ընկերությունը, իսկ հայաստանյան միջոցառման հովանավորներ են նաեւ X-TECH եւ Ginosi ընկերությունները: