17:13 | 24.10.14 | Նորություններ | 3952

Հայաստանում հրավիրվել է Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 3-րդ համաժողովը

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության կողմից կազմակերպվող  ամենամյա համաժողովը նպատակ ունի  ուսումնասիրելու տարածաշրջանի արդի ՄՌ մարտահրավերները և ներկայացնելու դրանց հնարավոր լուծումները: Ավանդական դարձած համաժողովում այս տարի ներկայացվել են ՄՌ համաշխարհային չափորոշիչները, ուսումնասիրության արդյունքները  և տարածաշրջանում ՄՌ մասնագիտության նկատմամբ որակական որոշակի պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Համաժողովում հետաքրքիր ելույթներով են ներկայացել տարածաշրջանի ՄՌ առաջատար մասնագետները, ինչպես նաև  Եվրոպական ՄՌ ասոցիացիայից (EAPM), ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտից (HRCI), «Մայլսթոնս («Milestones») և «Թոմ Հանթ» («Tom Hunt») ընկերություններից հրավիրված հատուկ հյուրերը:

Տարածաշրջանում ՄՌ մասնագիտության ստանդարտացմանն ուղղված այս համաժողովում  ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչը հայաստանցի մասնագետներին հնարավորություն կընձեռի ստանալու միջազգային ճանաչում և հեղինակություն վայելող` Մարդկային ռեսուրսների բիզնես մասնագետի (HRBP), Մարդկային ռեսուրսների կառավարիչի  (HRMP) և այլ մասնագիտական որակավորումներ:

Պայմանագիրը նախատեսում է նաև ՄՌ որակավորման քննության նախապատրաստման  դասընթացներ, որոնք իրականացնելու են ՄՌ սերտիֆիկացման ինստիտուտի պաշտոնական գործընկերը` «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը:  Դասընթացները կազմակերպվելու են՝  ՄՌ սերտիֆիկացման պլանավորման ընկերության (HRCP) նյութերով և ծրագրով:

«Այսօր կարող ենք վստահությամբ նշել, որ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հստակ դինամիկա է նկատվում ինստիտուցիոնալացման, համակարգման և կազմակերպությունում ՄՌ դերի արժևորման առումով, և ժամանակն է, որ լինեն հստակ չափորոշիչներ ՝ «միևնույն ալիքի վրա լինելու» և համաշխարհային միտումներին համընթաց քայլելու համար»,-ասել է Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ, «Կասկադ Քնսալթընթս» ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը:

Համաժողովի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, իսկ բրոնզե հովանավորը՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը:

«Հաճելի է արձանագրել, որ տարեցտարի ավելանում է նույն նպատակի շուրջը համախմբվելու ցանկություն ունեցող ընկերությունների թիվը:  Աշխատավայրում մարդկային ռեսուրսների վարչության կարևոր դերակատարումը լուրջ հիմք է առողջ միջավայր ձևավորելու հարցում: Այս համաժողովը մասնագետների համար կարևոր հարթակ է` աշխատակիցների դերը գնահատելու, նրանց հուզող հարցերի լուծման  ուղիները գտնելու և աշխատանքային հաճելի միջավայր ձևավորելու համար: Բոլորին մաղթում եմ արդյունավետ  աշխատանք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համաժողովի ձեռքբերումներից մեկն էլ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Եվրոպական ՄՌ ասոցիացիային (EAPM) անդամակցելու հնարավորությունն է, որը հայաստանցի ՄՌ մասնագետների համար դուռ կբացի դեպի մասնագիտական աղբյուրները` դառնալով փորձի փոխանակման նոր հարթակ։