14:45 | 24.10.14 | Նորություններ | 4317

Հոկտեմբերի 26-ին կանցկացվի «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի բաց առաջնության ցուցադրությունը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-17:00 “Մոսկվա” կինոթատրոնում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնությանը ներկայացված խաղերի հանրային ցուցադրությունը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը: Այդ օրը բոլոր ցանկացողներն ու հետաքրքրված անձինք հրավիրվում են տեսնելու, փորձելու եւ խաղալու հայ երիտասարդների ու պատանիների կողմից մշակված համակարգչային եւ բջջային խաղերը:

«Բաց Խաղ» առաջնությունն անցկացվում է 2011 թ-ից եւ նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ունենալ ոլորտում «Made in Armenia» բրենդ եւ զգալի դերակատարում ունենալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաեւ բացահայտելու տաղանդավոր երիտասարդների եւ վերջիններիս խրախուսելու շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

«Բաց Խաղ» առաջնությունը հայկական խաղերի զարգացման ոլորտում արդեն հասցրել է դառնալ ավանդական եւ սպասվող իրադարձություն: Այս տարի առաջնության մասնակիցների համար ունենք հատուկ անակնկալ՝ նրանցից մեկը կստանա հնարավորություն վերապատրաստվել Ֆրանսիայում` Orange Խմբի`  հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում: Օrange-ի այս հատուկ մրցանակի հաղթողին որոշելու համար, Ֆրանսիայից է ժամանել Ալեքսանդր Մինոսը, ով Orange-ի մասնագետների հետ միասին կուսումնասիրի մասնակից խաղերը եւ կընտրի հաղթողին»,- նշել է Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

«Այս տարվա մրցույթում շեշտը դրել ենք պատանիների ոգեշնչմանը եւ խրախուսմանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես ներկայացված խաղերում տեսնում ենք որակական աճ: Խաղերի մի մասն արդեն իսկ հասանելի են շուկայում, մյուս մասը դեռեւս զարգացման փուլում են»,- ասել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բաց Խաղ 2014» առաջնության խաղերի ցուցահանդեսին ներկայացված է 20 խաղ: Առաջնությանը միացել են մասնակիցներ ոչ միայն Երեւանից այլ նաեւ Լոռիից, Արմավիրից եւ Արարատից:

Մասնակիցները մրցելու են նախապես հայտարարված 8 անվանակարգերում` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ»,  «Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն 3D լուծում», «Պատանիների առաջնություն- Junior» եւ «Ժողովրդական մրցանակ»: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալու առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքներին, ինչպես նաեւ քվեարկել նախընտրած խաղի օգտին: Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդական մրցանակ»: Առաջնության «Լավագույն խաղը» նոյեմբերին կներկայացվի Casual Connect Բելգրադ համաժողովին եւ կմասնակցի նրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը: Առաջնության մրցանակային ֆոնդը 3.500.000 դրամ է:

Հիշեցնենք, որ Orange-ի մրցանակի շրջանակներում վերապատրաստումը վարձատրվելու է, բացի այդ Օրանժ Արմենիան կհոգա նաեւ ավիատոմսերի ծախսերը:

«Բաց Խաղ» առաջնությունը արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը եւ Օրանժ Արմենիա ընկերությունը: Այս տարի նախագծին է միացել նաեւ «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր:

«ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունն առաջնության ողջ ընթացքում ուշի ուշով հետեւում ու աջակցում էր «Բաց Խաղի» մասնակիցներին, եւ ուրախ ենք արձանագրել, որ հայաստանյան խաղեր ստեղծողները նման հաջողություններ են արձանագրում: Հատկապես ուրախալի է, որ մրցույթին մասնակցում են մարզերի ներկայացուցիչները: Մենք գոհ ենք ԻՏՁՄ եւ Օրանժ Արմենիայի հետ համագործակցությունից եւ պատրաստ ենք շարունակել այն»,-ասել է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հաճախորդների հետ հարաբերությունների սպասարկման ղեկավար Տաթեւիկ Հակոբյանը:

Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Օրանժ Արմենիա, Frismos, Plexonic, Triada, SoftConstruct, HitBits, Zoom Graphics ընկերություններից եւ  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից: