17:33 | 13.10.14 | Նորություններ | 2207

Orange Հիմնադրամն ավարտին է հասցրել «Մեկ գյուղ» զարգացման ծրագիրն Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում

Orange Հիմնադրամն ամփոփել է 2014թ.-ի մարտին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում մեկնարկած իր առաջին «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները:

2014թ.-ին Orange Հիմնադրամն այս նախաձեռնությանը հատկացրել է շուրջ 55 միլիոն դրամ:  Ծրագրով նախատեսված լայնածավալ աշխատանքներն իրականացվել են «Շեն» բարեգործական կազմակերպության կողմից:

«Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում Հիմնադրամը յուրաքանչյուր տարի զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրում մեկ գյուղական համայնքի համալիր զարգացմանը: Մասնավորապես, այս նախաձեռնությունն ուղղված է ընտրված գյուղական համայնքներում տնտեսական գործունեության կայուն զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ կրթական ու առողջապահական ենթակառուցվածքների բարելավմանը:

 «Արդեն ավելի քան հինգ տարի է, ինչ մեր գործընկերների հետ համատեղ գյուղական համայնքներում իրականացնում ենք տեղի արտադրական ենթակառուցվածքների զարգացման, սպորտային համալիրների, մանկապարտեզների, համակարգչային սրահների կահավորման ծրագրեր: Այժմ «Մեկ գյուղ» նախաձեռնությամբ մենք միաժամանակ անդրադառնում ենք գյուղական համայնքների տնտեսական, առողջապահական եւ կրթական ոլորտներում առկա խնդիրներին», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Ծրագրի շրջանակում նոր խողովակաշարի կառուցման միջոցով  լուծվել է համայնքի ոռոգման համակարգի արդյունավետության բարելավման խնդիրը: Վերանորոգվել եւ կահավորվել է գյուղի մանկապարտեզը: Գյուղի երիտասարդ բնակիչների համար վերակառուցվել են ֆուտբոլի եւ վոլեյբոլի խաղահրապարակները:

Համայնքի բուժկետը համալրվել է նոր սարքավորումներով, իսկ բուժանձնակազմի համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա գտնվող հյուրերի թվում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, Արագածոտնի մարզպետը: