17:28 | 13.10.14 | Նորություններ | 2568

Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Բիզնես Ինովացիոն 2-րդ ֆորումը

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Դիլիջանում կանցկացվի Բիզնես Ինովացիոն 2-րդ ֆորումը, որը կազմակերպում է  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) :

Այս տարի Բիզնես Ինովացիոն ֆորումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության եւ տեխնոլոգիական գործարարության զարգացմանը: Բիզնես Ինովացիոն ֆորումի նպատակն է ձեւավորել հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, գործնական շփումների եւ հանգստի համատեղման միջոցով հնարավոր է նպաստել Հայաստանում բիզնեսի արդյունավետության բարձրացմանը: Ֆորումնը կանցկացվի «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսի ներքո:

«Ժամանակակից պահանջներին համաքայլ գնալու համար Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունները որակյալ մասնագետների պահանջարկ ունեն: Ապագայի ամենաարդյունավետ ներդրումն այսօր պետք է լինի տեխնոլոգիական կրթության ոլորտում: Այս առումով մենք կարեւորում ենք առաջատար ինովացիոն երկրների փորձը»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումին կմասնակցի բարձր տեխնոլոգիաների ոլորտի  հեղինակավոր ներկայացուցիչ, Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիր Յիգալ Էրլիխը, ով կներկայացնի Իսրայելի ինովացիոն զարգացման փորձը:

Ֆորումին կներկայացվի տեղական եւ համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ եւ կտրվեն համապատասխան լուծումներ`2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Ֆորումին մասնակցում են տեղական եւ արտասահմանյան բիզնեսի, բիզնես միավորումների եւ ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: