14:30 | 18.04.14 | Նորություններ | 4970

Ucom-ն աջակցում է Recognize1915.am նախագծին

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է  ունեցել «Ճանաչեք 1915» նախաձեռնության Recognize1915.am կայքի եւ նախագծի շրջանակներում տպագրված «99» գրքի շնորհանդեսը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ ազգի դեմ կատարված նախադեպը չունեցող հանցագործության համաշխարհային ճանաչման եւ դատապարտման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ազգային կազմակերպության, հայրենասիրական խմբի, հայ գործարարի եւ աշխատավորի, հայրենասեր քաղաքացու եւ հայ մարդու ուժերի մեկտեղումը, որի շնորհիվ է միայն աշխարհը ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը եւ նշել, որ չեն բավարարվելու անմար կրակի շուրջ հարգանքի տուրք տալով, այլ փորձելու են հայության ձայնը հասանելի դարձնել աշխարհին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Ճանաչեք 1915» նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքը, որը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց փոխել իրենց էլեկտրոնային փոստի ստորագրությունները` Հայոց ցեղասպանության մասին մեկ անգամ եւս աշխարհին հիշեցնելու նպատակով:

 «Pan Photo» գործակալության ղեկավար Վահան Ստեփանյանը խոսել է  Ucom ընկերության հետ համատեղ հրատարակված «99» գրքի ստեղծման պատմությունն ու հակիրճ ներկայացրել գրքի բովանդակությունը:

Ներկաներին կոչ է արվել ոչ միայն ցեղասպանությունը դատապարտող նկարներ տեղադրել սոցիալական ցանցերում, այլեւ ավելի պաշտոնական ու անձնական մակարդակի ինֆորմացիա տարածել:

«Մարդկանց մի ստվար հատված կա, ովքեր չեն այցելում սոցիալական ցանցեր եւ դուրս են մնում տեղեկացվածության դաշտից: Ինֆորմացիան կարելի է նրանց հասցնել անձնական կամ կորպորատիվ էլեկտրոնային փոստին կցվող ստորագրության միջոցով: Բանները յուրաքանչյուր օգտվող կարող է ավելացնել իր էլ.փոստի ստորագրության մեջ հետեւյալ պրովայդերից օգտվելու դեպքում՝ gmail, yahoo, yandex, outlook: Նամակը ստանալուց հետո, տեսնելով ստորագրությունը, ստացողը կարող է հղումով անցնել կայք, կարդալ Ցեղասպանության մասին, ցանկության դեպքում ծանոթանալ եւ միանալ նախագծին»,- ասված է Ucom-ի տարածած հաղորդագրության մեջ, որում նշվում է նաեւ, որ mail.ru, rambler.ru, hotmail.com (outlook) եւ մի քանի այլ պրովայդերներ թույլ չեն տալիս փոստի ստորագրության մեջ նկարներ ներառել: Այդ դեպքում առաջարկվում է օգտագործել ներկայացված  նկարները սոցիալական ցանցերում գտնվող անձնական էջի համար: