10:59 | 11.02.14 | Հոդվածներ | exclusive 8371

Circle.am–ը այլեւս թրաֆիկի վարկանշավորում չի տրամադրելու

Փետրվարի 3-ին տեղեկացրել էինք, որ անհասանելի է Circle.am կայքը, որը գրանցում է հայկական կայքերի այցելությունները եւ վարկանշում դրանք: Կայքում գրություն էր տեղադրվել այն մասին, որ «Circle.am-ն ենթարկվում է կոնցեպտուալ փոփոխությունների»:

Մենք խոստացել էին կապ հաստատել Circle.am համակարգի հիմնադիր եւ ղեկավար Ավետիս Ավագյանի հետ` մանրամասներին տեղեկանալու համար, եւ այսօր ներկայացնում ենք մեր զրուցը:

- Ինչո՞վ է պայմանավորված Circle.am կոնցեպտուալ փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունը:

- Վերջին տարիներին խոսվում էր այն մասին, որ  Circle.am-ն օգուտ տալուց բացի նաեւ վնաս է հասցնում ոլորտին։ Ակամա եւ անուղղակի վնասի պատճառն այն էր, որ Circle.am–ի վարկանշավորումը հիմնված էր միայն թրաֆիկի տվյալների վրա, եւ համակարգը կայքերի որակի մասին որեւէ բան չի հայտնում։ Իսկ Հայաստանի միջին գովազդատուն, սովորաբար, գովազդային հարթակ ընտրելուց առաջ հիմնականում առաջնորդվում է թրաֆիկի մասին տեղեկատվությամբ: Կառաջարկեմ կարդալ վերջերս հրապարակված այս հոդվածը։ Գրվածի հետ հիմնականում համամիտ եմ, եւ հենց դա ինձ դրդեց փոփոխություններ նախատեսել։

- Հատկապես ի՞նչն է փոխվելու: Խոսքը գնում է առավելապես տեխնոլոգիական փոփոխությունների՞ մասին, թե՞ փոխվելու է նաեւ գաղափարախոսությունը:

- Circle.am–ն այլեւս թրաֆիկի վարկանշավորում չի տրամադրելու։

- Իսկ ի՞նչ է փոխվելու կայքերի տերերի եւ այցելուների համար:

- Circle.am–ը դառնալու է հայկական կայքերի որակի ռեյթինգ։ Այն կառուցվելու է մոդեռատորների, ինչպես նաեւ հենց կայքերի տերերի կողմից։ Իմ դերը բավականին փոքր է լինելու։ Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել։

- Ժամանակին ձեր նախագիծը գործարկվեց իբրեւ ոչ առեւտրային հարթակ: Արդյո՞ք փոփոխությունների արդյունքում հարթակը կսկսի նաեւ գումար աշխատելու նպատակ հետապնդել:

- Առայժմ ոչ, սակայն բացառված չէ, որ տարվա ընթացքում կավելանան որոշակի վճարովի ծառայություններ։

- Ե՞րբ եք նախատեսում ավարտել փոփոխությունները եւ ներկայացնել նոր Circle.am-ը:

- Նախատեսում եմ փետրվարի 24-ին գործարկել առաջին փոփոխված տարբերակը։ Տարվա ընթացքում լրացուցիչ «մոդուլներ» կավելանան։

- Այն փաստը, որ Հայաստանում չեք բնակվում, չի խանգարո՞ւմ Ձեզ հայկական համացանցի տրենդերի ընկալման հարցում: Չե՞ք կարծում, որ ազգային վարկանիշային համակարգի (ինչպիսին փաստացի Circle.am-ն է) պատասխանատուն պետք է Հայաստանում բնակվի:

- Չեմ կարծում։ Ես պարբերական կապի մեջ եմ Հայաստանի ոլորտի մասնագետների հետ եւ ՀՀ նորություններին երբեմն տեղեկանում եմ ավելի շուտ, քան Երեւանում բնակվող ընկերներս։

-  Վերջին շրջանում մամուլում եւ սոցցանցերում առավել հաճախ կարելի է հանդիպել պնդումներ այն մասին, որ Circle.am-ն «օգնում է» այս կամ այն կայքին առավել բարձր տեղ զբաղեցնելու հարցում: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ:

- Ասացվածք կա. «Երբ աղվեսի մռութը խաղողին չի հասնում, ասում է` խակ է»։

- Բազմաթիվ կայքեր օգտագործում են թրաֆիկ ձեռք բերելու անազնիվ կամ կասկածելի եղանակներ: Չե՞ք մտածում նման կայքերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ, օրինակ, 1-2 նախազգուշացումից հետո վարկանշավորումից հանելու մասին: Նման քայլերը կարող էին նպաստել դաշտի մաքրմանը:

- Վերջին մի քանի տարվա ընթացքում 10-ից ավելի կայքեր հեռացվել են համակարգից թրաֆիկ կեղծելու համար։ Նոր համակարգն իր էությամբ հնարավորություն չի տալիս մրցակցել անազնիվ եղանակով, բայց ամեն դեպքում մոդերատորների հետ համատեղ խստորեն հետեւելու ենք, որպեսզի մասնակիցները հետեւեն կանոններին։