15:44 | 18.06.13 | Նորություններ | 1301
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր անբարեխիղճ մրցակցության համար տուգանել է համակարգչային տեխնիկա վաճառող IT Master եւ Nout.am ընկերություններին տարեկան հասույթի 1%-ի չափով:
Ընկերությունների հանդեպ վարույթները նախաձեռնվել են քաղաքացիների բողոքների հիման վրա, որոնց համաձայն ընկերություններն իրականությանը չհամապատասխանող գովազդի միջոցով մոլորեցրել են սպառողներին, հայտնել են ՏՄՊՊՀ-ում:
Մասնավորապես, «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում: «Այ թի մաստեր» ընկերությունը եւս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում:
Ընկերությունները նախազգուշացվեցին նաեւ զերծ մնալ նման գործելաոճից եւ անհապաղ վերացնել խախտումը: