Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հուլիսի 1-10-ը կազմակերպում է ամառային «Ինովացիոն Ճամբար» նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդների համար:
Ինչպես հայտնել են ԻՏՁՄ-ում, ճամբարի նպատակն է համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող եւ կրթական միջավայր եւ ուղղորդել երիտասարդներին դեպի սեփական ծրագրերի իրականացումը եւ սեփական բիզնեսի ստեղծումը:
Ճամբարը հնարավորություն կտա մասնակիցներին քննարկել ինովացիոն ոլորտին առնչվող իրենց բիզնես, սոցիալական, հասարակական նախագծերը մասնագետների հետ, սովորել կազմել իրենց իսկ նախագծի բիզնես պլանը եւ իրականություն դարձնել այն: Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան մասնակցել իրենց բիզնեսի զարգացմանը նպաստող մի շարք այլ միջոցառումների, ինչպես նաեւ լավագույն գաղափարների հեղինակները կմասնակցեն 2013թ-ի հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 ցուցահանդեսին, որտեղ նրանք կկարողանան գտնել գործընկերներ:
Ճամբարին կարող են մասնակցել 18-30 տարեկան, ինովացիոն ոլորտում գաղափարներ ունեցող անձիք: Լավագույն գաղափարների հեղինակները կստանան ճամբարի մասնակցության մինչեւ 80% համաֆինանսավորում:
Գրանցվելու համար հարկավոր է լրացնել մասնակցության հայտը (application form) եւ ուղարկել այն camp@uite.org էլ.հասցեին: Գրանցումը բաց է մինչեւ 2013թ. հունիսի 28-ը, ժամը 17:00: