11:56 | 23.05.13 | Նորություններ | 1116

Հայաստան եւ IT. ինչպե՞ս են զարգանալու հարաբերությունները հետագայում

Երեկ Երեւանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կազմակերպել է «Տեխնոլոգիական ոլորտի ներկայիս զարգացումները» թեմայով սեմինար-քննարկում, որին Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատմել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար:

Ըստ նրա, ոլորտի ամենաարդիական մարտահրավերն է որակյալ մասնագետների պակասը: «Այսօրվա դրությամբ ոլորտն ունի շուրջ 2500 բարձր վարձատրվող մասնագետների կարիք»,- ասել է Կարեն Վարդանյանը:

Նա պատմել է, որ Հայաստանում ինժեներների պակասը լրացնելուն ուղղված ծրագիրն արդեն ընթացքում է, եւ սեպտեմբերից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործարկվելու է Armenian National Engineering Laboratory-ն (ANEL, Հայկական ազգային ինժեներական լաբորատորիա), որը, Կարեն Վարդանյանի համոզմամբ, «կդարձնի Պոլիտեխնիկը աշխարհի լավագույն տեխնոլոգիական համալսարաններից մեկը», իսկ Հայաստանը շուրջ 2 տարուց կունենա մինչեւ 2000 միջազգային կարգի ինժեներներ, որոնց թիվը տարեցտարի կավելանա:

«Մեր նպատակն է ANEL-ի անալոգիայով ստեղծել նաեւ միջազգային դասի IT-մասնագետների՝ ծրագրավորողների, ցանցային ադմինիստրատորների պատրաստման հարթակ, ինչը, կարծում ենք, իրականություն կդառնա մինչեւ տարեվերջ՝ մասնավոր եւ պետական հատվածների համաֆինանսավորմամբ», ասել է Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքերով, այս երկու կրթական ծրագրերը կբավարարեն Հայաստանի ներկայիս կադրային պահանջարկը եւ անգամ կստեղծեն որակյալ մասնագետների ավելցուկ, «որը Հայաստանում պահելու լավագույն ուղին տեխնոլոգիական ձեռներեցության խթանումն է»:

«Այսօր մենք, օրինակ, առաջին քայլերն ենք կատարում անօդաչու սարքերի պատրաստման գործում, մինչդեռ Իսրայելում դրանով զբաղվում է շուրջ 1000 ձեռնարկություն: Հայաստանում տարեկան ստեղծվում է 50-100 IT-սթարթափ, պետք է այդ թիվը կրկնապատկել եւ եռապատկել, մեզ պետք է տեխնոլոգիական ձեռներեցության ալիք: Իսրայելի օրինակով, հաջողակ սթարթափները ձեռք կբերվեն անդրազգային կորպորացիաների կողմից, ինչը, փաստացի, կնշանավորի դրանց մուտքը Հայաստան», - ասել է Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ պետք չէ սպասել ANEL-ի եւ դրա ՏՏ-նմանակի առաջին շրջանավարտներին՝ տեխնոլոգիական սթարթափների ալիքի մեկնարկի համար: «Այն պետք է սկսել հիմա՝ օգտագործելով ԽՍՀՄ-ում աշխատած բանիմաց ինժեներների ներուժը, որոնց մեծամասնությունը հիմա զբաղված չէ այդ ոլորտում: Ես գիտեմ մի հայկական ձեռնարկություն, որը հիմնադրել են յոթանասուննանց ինժեներներ եւ որոնք ամսական ապահովում են իրենց համար մի քանի հազար դոլարի հասնող եկամուտ»,- ասել է Կարեն Վարդանյանը:

Նա ասել է, որ խորհրդային մասնագետների ներգրավումը ոլորտ ԻՏՁՄ առաջնահերթություններից է, որով միությունը արդեն սկսել է զբաղվել:

Անդրադառնալով դպրոցական տարիքից տեխնոլոգիական ոլորտի հանդեպ երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնելու հարցին, Կարեն Վարդանյանն ասել է, որ դրա լուծումը ԻՏՁՄ-ն գտել է պատահաբար՝ տեսնելով դպրոցականների հետաքրքրվածությունը միության կողմից կազմակերպվող ռոբոտաշինական մրցույթների նկատմամբ:

«Արդյունքում միությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ նախաձեռնել է 2013-ին Հայաստանի եւ Արցախի 50 դպրոցներում ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու ծրագիրը: Մենք նախագծել ենք ուսումնական խմբակների համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտներ, որոնք տրամադրվել են 50 դպրոցի: Դպրոցական խմբակներում դասընթացները նախատեսված են 2013-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաեւ ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտների ծրագրավորումը հնարավոր կլինի LabView, Microsoft Robotics Studio ծրագրերի միջոցով», - պատմել է Կարեն Վարդանյանը:

Նա հույս է հայտնել, որ բարերարների ֆինանսավորման ներգրավմամբ 2 տարում հնարավոր կլինի ռոբոտաշինական խմբակներ բացել Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցներում: