15:28 | 22.05.13 | Նորություններ | 908

Yahoo-ն թարմացրել է Flickr-ը՝ առաջարկելով 1 TB անճար տարածք

Yahoo-ն ռեդիզայնի է ենթարկել իր ֆոտոհոսթինգային Flickr ծառայությունը՝ առաջարկելով օգտատերերին մինչեւ 1 տերաբայթ (1024 գիգաբայթ) անվճար տարածք:

Նոր Flickr-ը նաեւ թույլ է տալիս տեղադրել ավելի երկար տեսահոլովակներ (մինչեւ 3 րոպե նախկին 90 վայրկյանի փոխարեն) եւ ավելի մեծ թույլտվությամբ լուսանկարներ (ամեն լուսանկարը՝ մինչեւ 200 մբ նախկին 30 մբ-ի փոխարեն):

Yahoo-ի այս քայլը շատ ավելի հրապուրիչ է դարձնում Flickr-ը ինչպես պրոֆեսիանալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար, գրում է BBC-ն

Google Drive «ամպային» ծառայությունն առաջարկում է 15 գբ անվճար տարածք, իսկ Facebook-ը, թեեւ չի դնում սահմանափակում, սակայն ինքնուրույն փոքրացնում է բարձր թույլտվությամբ լուսանկարները:

Թարմացվել է նաեւ Flickr-ի Android հավելվածը, որն ավելի հարմարավետ է դարձնելու ծառայությունից օգտվելը:

Սակայն ոչ բոլոր փոփոխություններն են դրական արձագանքներ առաջացրել: Մասնավորապես, գովազդներից զուրկ ինտերֆեյսով Flickr-ից օգտվել ցանկացողներն այժմ պետք է վճարեն տարեկան կրկնակի շատ՝ $49,99, իսկ մեկ հավելյալ տերաբայթի համար՝ տարեկան $499,99: Նախկինում տարեկան $24,99 վճարի դիմաց օգտատերերին առաջարկվում էր «անսահմանափակ» տարածք:

Այնուամենայնիվ, վերլուծաբանների կարծիքով, Yahoo-ի այս քայլը կդարձնի Flickr-ին աշխարհի առաջատար ֆոտոհոսթինգային ծառայություն: