15:38 | 05.03.13 | Նորություններ | 2010

ԱրմենՏել-ն աջակցում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվող կրթական ծրագրին

Բրիտանական խորհրդի, Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ ԱրմենՏելի (Beeline ապրանքանիշ) կազմակերպած Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մեկնարկել է կրթական եւ երիտասարդական ծրագիրը:

Մարտի 4-ին ծրագիրն սկսել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Կենվորը» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո տեղի է ունեցել քննարկում եւ վարպետության դասընթաց Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիր Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ, հայտնել են ընկերությունում:
 
Կրթական եւ երիտասարդական ծրագրի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ցուցադրվելու է փառատոնի ֆիլմերը եւ բրիտանական կարճամետրած ֆիլմերը: Ցուցադրությունը բաց է լինելու կենտրոնի սաների համար: Իսկ մարտի 3-ից 11-ը կինոքննադատ Յան Հեյդն Սմիթը կանցկացնի կինոգրախոսության դասընթաց:

Մարտի 11-ից մարտի 15-ը ֆիլմերը կցուցադրվեն Երեւանի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

«Երիտասարդական ծրագրերը մշտապես գտնվում են ԱրմենՏել-ի սոցիալական պատասխանատվության ուշադրության կենտրոնում, եւ մենք համոզված ենք, որ բրիտանական կինոարվեստի հետ ծանոթությունն էլ ավելի կընդլայնի երիտասարդ տաղանդավոր կինոքննադատների մտահորիզոնը եւ կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: