14:18 | 05.03.13 | Նորություններ | 6057

Օրանժը ներկայացրել է Orange Merci ծրագիրը

Օրանժ Արմենիա ընկերությունն այսօր ներկայացրել է նոր` Orange Merci ծրագիրը` կանխավճարային եւ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդների համար:

Այսօրվանից Orange Խոսենք ծառայության Պարզ, Իմ ընկեր, Իմ երկիրը, Իմ ժամանակը եւ Իմ համարները սակագնային պլանների բաժանորդներն յուրաքանչյուր անգամ հաշիվը 500 կամ 1000 եւ ավելի դրամ լիցքավորելու դեպքում կստանան Orange Merci միավորներ:

Օրանժը կպարգեւատրի նաեւ պարզապես բաժանորդ լինելու համար. 6 ամիս Օրանժի ծառայություններից օգտվելուց հետո կանխավճարային սակագնային պլանների բոլոր բաժանորդները միանվագ կստանան 100 միավոր, ապա յուրաքանչյուր եռամսյակը մեկ՝ եւս 100 միավոր, որոնք բաժանորդի հաշվին կփոխանցվեն եռամսյակի հաջորդ ամսվա սկզբին, որի համար նախորդ երեք ամիսների ընթացքում բաժանորդը պետք է սպառած լինի առնվազն 1500 դրամ:

Ծառայության մեկնարկի առթիվ ներկա կանխավճարային բոլոր բաժանորդները, որոնց բաժանորդագրության առնվազն 6 ամիսը կլրանա մարտի վերջին, ապրիլի 2-ին կստանան 100 միավոր:

«Այս միավորները կարող եք օգտագործել` ձեռք բերելով անվճար րոպեներ, SMS-ներ ցանցի ներսում եւ ցանցից դուրս, անվճար մեգաբիթներ»,- ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Դելֆին, Թիթեռ, Պանտերա եւ Առյուծ ամսական բաժանորդագրությունների բաժանորդները Orange Merci միավորներ կստանան իրենց ամսավճարից ավել օգտագործված գումարի 5%-ի չափով: Այս բաժանորդները մարտի 7-ին կստանան 200 միավոր, որով ընկերությունը կողջունի վերջիններիս մուտքը նոր ծրագիր:

Օրանժ Արմենիա-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի փոխանցմամբ, Orange Merci-ի  յուրաքանչյուր միավորը համարժեք է ՀՀ դրամին: