09:28 | 19.11.12 | Նորություններ | 12844

Գործարկվել է Lib.armedu.am կրթական շտեմարանը

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է «Պաշարների շտեմարան» կայքի (lib.armedu.am) շնորհանդեսը, որը ստեղծվել է ընկերության ֆինանսական աջակցությամբ:

Կայքում ընդգրկված են կրթական, ուսումնական եւ մեթոդական էլեկտրոնային պաշարներ, այդ թվում, դասագրքեր՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետներին, ուսուցիչներին, աշակերտներին և կայքի մյուս այցելուներին, հայտնել են ընկերությունում:

Էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանի ստեղծման նպատակը կրթության ոլորտում ՏՀՏ ներդրման շարունակական զարգացման ապահովումն է: Մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը եւ ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը:

«Գիտելիքը մարդու զարգացմանը նպաստող գործիք լինելուց բացի, նաև պատասխանատվության խորհրդանիշ է: Մեզանից յուրաքանչյուրը կրթվում է` ինքն իրեն, միջավայրին ու նաև երկրին օգտակար լինելու համար: Ուզում եմ հավատալ, որ «Պաշարների շտեմարանը» կծառայի իր նպատակին և կդառնա ամենասեղմ ժամկետներում առավելագույն տեղեկատվություն ստանալու հրաշալի գործիք»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: