03:58 | 19.11.12 | Նորություններ | 3065
Երեւան/Մեդիամաքս/. Ավարտվել է օգոստոսի 2-ին մեկնարկած \"Orange Գրքի մրցանակ 2012\" ամենամյա գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը, հայտնել են Orange Armenia-ում:
Orange Գրքի մրցանակի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` բանաստեղծության, 39-ը` վեպ/վիպակ, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում: Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցույթին մասնակցում էին 130 ստեղծագործություն:
Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր ժանրում կընտրվեն առավելագույնը երեք լավագույն գործերը, որոնք էլ կհայտարարվեն 2013թ. հունվարի 15-ին, Orange-ի պաշտոնական էջում: Այդ օրվանից բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Orange-ի պաշտոնական էջում` Facebook-ի միջոցով:
2013թ. փետրվարի 15-ի կեսօրին կամփոփվեն առանց քվեարկության արդյունքները, և կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում, առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից:
Մրցույթի հաղթողները, ինչպես նաև ժյուրիի կողմից մրցանակի հավակնորդ ընտրված բոլոր թեկնածուները կստանան վկայական, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 օրինակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:
Հաղթողների անունները կհրապարակվեն 2013թ. փետրվարի 20-ին տեղի ունեցող մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Մրցույթի չորս անվանակարգերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա, մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով և ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ: Այս տարի առաջին անգամ Orange Գրքի մրցանակին կարող են հավակնել նաև Սփյուռքի` հայերեն լեզվով ստեղծագործողները:
Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրոնային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին: