13:15 | 20.04.12 | Նորություններ | 4993

Մենք պետք է պահպանենք բնությունը, այն Հայաստանի ամենաթանկ կապիտալն է, ասել է Ռալֆ Յիրիկյանը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասել է, որ «մենք պետք է պահպանենք բնությունը, քանի որ այն Հայաստանի ամենաթանկ կապիտալն է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Ռալֆ Յիրիկյանն ասել է այսօր «Երկրի օր- 2012» քարոզարշավին նվիրված մամլո ասուլիսին:

«Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ բնական ռեսուրսներով, որոնց պահպանումը եւ ճիշտ տնօրինումն երկրի համար կենսական խնդիր է: Անհրաժեշտ է ցուցաբերել համապատասխան գիտակցություն եւ պատասխանատվություն պահպանելու մեր բնությունը, եւ  բարձրացնելու գալիք սերունդների իրազեկվածության մակարդակը  բնապահպանական խնդիրների մասին”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակներում այս տարի նախատեսված է ծառատունկ իրականացնել Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում, որտեղ գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին կից բուֆերային գոտու այն հատվածը, որի պահպանությունը ստանձնել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը:

Ինչպես տեղեկացրել է հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը, այդ տարածքում նախատեսվում է 2000 ծառ տնկել:

Քարոզարշավի շրջանակներում հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացնում է «SMS ծառատունկ» ծրագիրը: «Նվիրի՛ր քո ծառը քո երկրին» կարգախոսի ներքո կարճ հաղորդագրության միջոցով ծառ տնկելու միջոցառումը կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը:

Իսկ ապրիլի 27-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ, այս տարի արդեն երրորդ անգամ կիրականացնեն ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերվող ծաղիկների հավաքում, վերամշակում: