15:53 | 13.03.12 | Նորություններ | 4076

    Սփյուռքի նախարարությունը գործարկել է “Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարանը”

    Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի նախարարությունն այսօր գործարկել է “Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան” կայքէջը (www.armdiasporamuseum.com):

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ եռալեզու կայքում (հայերեն, անգլերեն, ռուսերեն) տեղադրված է համապարփակ տեղեկատվություն Սփյուռքի հայ համայնքների, հայկական կառույցների նախապատմության, գործունեության վերաբերյալ:

    Կայքը պարունակում է նաեւ տեղեկատվություն համահայկական կազմակերպությունների, հոգեւոր եւ կրթամշակութային կառույցների գործունեության, հայկական հուշարձանների վերաբերյալ:

    Բացի այդ, կայքում գործում է “ժամանակավոր ցուցասրահ” բաժինը, որը ժամանակ առ ժամանակ թարմացվելու է եւ ներկայացնելու է պատմամշակութային ժառանգությունը:

    Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ մինչեւ տարվա վերջ կգործարկվի նաեւ կայքի արեւմտահայերեն տարբերակը:

    Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 6 մլն դրամ: