14:31 | 24.02.12 | Նորություններ | 3302
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր դարձավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին հանձնեց «Բարերար» մակարդակի կորպորատիվ անդամակցության վկայագիր` 2011 թվականին մանկական ու երիտասարդական, կրթական ու ստեղծագործական ծրագրերին աջակցելու համար:
“Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կորպորատիվ անդամակցության ծրագիրը վերջերս է մեկնարկել: Այդ ծրագրով Կենտրոնի կորպորատիվ գործընկերներն ստանում են տարբեր արտոնություններ` կախված անդամակցության մակարդակից: Այսօր մենք ողջունում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ անդամ “ԱրմենՏել” ընկերությանը: Կորպորատիվ անդամակցությունը թույլ կտա ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով այցելել Կենտրոնի ցուցահանդեսները եւ միջոցառումները, նրանց կառաջարկվեն հատուկ հրավերներ եւ շրջայցեր, որոնք թույլ կտան մեր գործընկերոջ բիզնես-կյանքը հարստացնել մշակույթով ու արվեստով: Այս կերպ մենք ոչ միայն հայտնում ենք մեր երախտագիտությունն աջակցության համար, այլեւ նախանշում ենք մեր պատրաստակամությունը հետագա փոխշահավետ համագործակցությանը”, - հայտարարեց Վահագն Մարաբյանը:
“Անցած տարվա փետրվարին մենք դարձել ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաջին կորպորատիվ գործընկերը: Մեկ տարվա ընթացքում հազարավոր երեխաներ մայրաքաղաքից եւ մարզերից ծանոթացան թանգարանի մշտապես թարմացվող ցուցադրությանը, մասնակցեցին բազմաթիվ ստեղծագործական ծրագրերին` ոչ միայն տեսնելով, այլեւ իրենց ուժերը փորձելով արվեստում: Մեկ տարի անց կարելի է ասել, որ համագործակցության մեր փորձը` մատաղ սերնդի դաստիարակման գործում բիզնեսի եւ արվեստի գործընկերության հրաշալի օրինակ է: Ես շնորհակալ եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնին համագործակցության արժեքավոր փորձի համար, որի շնորհիվ մեզ հաջողվել է լուրջ ներդրում ունենալ քաղաքի հասարակական-մշակութային կյանքում”, - նշեց ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2011թ. ընթացքում ԱրմենՏել-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իրականացվել են ստեղծագործական ծրագրեր, դասական երաժշտության համերգներ եւ այլ կրթական նախագծեր` ուղղված երեխաների եւ երիտասարդների գեղագիտական դաստիարակությանը: Մասնավորապես, Կենտրոնում իրականացվել են 6-12 տարեկան երեխաների համար «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» ծրագիրը` չեխ քանդակագործ Իվանա Շրամկովայի ցուցահանդեսի շրջանակներում, կրթական ծրագիր բարձր դասարանների աշակերտների համար` նվիրված գեղարվեստական ապակու առաջին հայ դիզայներ Հենրիկ Նիկոյանի ստեղծագործություններին, պատանեկան ստեղծագործական ծրագիր Սուրբ Զատիկի, գարնան եւ վերածննդի թեմաներով եւ այլն: Ընդհանուր առմամբ 2011թ. ընթացքում Գաֆէսճեան արվեստների կենտրոնի կրթական ծրագրերին մասնակցել է ավելի քան 5000 երեխա: