15:40 | 23.02.12 | Նորություններ | 3631

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է Mobile-Health նախագծի փորձնական գործարկումը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկան` “Էրիքսոն Նիկոլա Տեսլա” ընկերության հետ համագործակցաբար, հայտարարել են անլար տեխնոլոգիաների վրա հիմնված Mobile-Health նախագծի պիլոտային կլինիկական գործարկման մասին:

Այս լուծումը հնարավորություն է տալիս հեռավորության վրա հետեւել հիվանդի առողջությանը, կատարել համապատասխան չափումներ եւ արդյունքները փոխանցել մասնագետներին:

Զննումներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ կամ շարունակաբար եւ բջջային ցանցի միջոցով փոխանցվում են բուժող բժշկին: Հիվանդները համապատասխան չափումները կատարում են օգտագործման մեջ դյուրին սարքերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, արյան ճնշման մոնիտորը կամ էլեկտրոկարդիոգրաֆը: Սարքերի կոմպլեկտն իր մեջ ներառում է օգտագործման մեջ դյուրին ավտոմատացված հաղորդակցման սարք, որը վերը նշված սարքերից/սենսորներից ստացվող տվյալները կուտակելով, Bluetooth միացմամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով դրանք անվտանգ եւ ճշգրիտ կերպով փոխանցում է համակարգին եւ հատուկ սերվերին` բուժաշխատողներին թույլ տալով վերահսկել հիվանդի առողջական վիճակը:

Mobile-Health լուծումը կիրառվում է հիմնականում սրտաբանության եւ թոքաբանության մեջ:

Mobile-Health-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նորարարական տեխնոլոգիան է, որի նպատակը մեր հայրենակիցների առողջապահական կարիքների բավարարումն է, ինչպես նաեւ խրոնիկ հիվանդությունների բուժման ծառայությունների համակարգի արդիականացումն ու բուժսպասարկման աշխարհագրական հասանելիության ապահովումը”,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: