14:39 | 14.02.12 | Նորություններ | 3313

ԱրմենՏել-ն ու «Ադրենալին»-ը կանցկացնեն ձմեռային էքստրիմ փառատոն

Երեւան/Մեդիամաքս/. Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան եւ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել են «Lori-Extreme 2012» ձմեռային ռալլիի ավարտի մասին:

«Ադրենալին» ասոցիացիայի կազմակերպած էքստրեմալ մարզաձեւերի առաջին ձմեռային առաջնության շրջանակներում Jeep-Trial դասում մրցումն անցկացվեց փետրվարի 12-ին Գուգարքում:

Մրցմանը մասնակցեց 25 թիմ, կազմված Jeep-Trial դասի սիրահարներից: Հանդիսատեսի կարգավիճակում միջոցառմանը ներկա էր շուրջ 2 հազար ավտոսիրահար Երեւանից եւ մարզերից:

Բազմաթիվ մրցավազքերի արդյունքում սիրահար վարորդներից հաղթող ճանաչվեց Լենդրուշ Սահակյանը, ով հանդես էր գալիս Toyota Fortuner ավտոմեքենայով, երկրորդ տեղը զբաղեցրեց Մինաս Տիրացյանը` Ford Maverick մեքենայով, իսկ երրորդ տեղը` Mitsubishi Io մեքենայի վարորդ Արսեն Գեւորգյանը:  Բոլոր մրցանակակիրները ներկայացնում են Լոռու մարզը:  Նրանք ստացան արժեքավոր մրցանակներ առաջնության կազմակերպիչներ` Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի եւ «ԱրմենՏել» ընկերության կողմից:

«Առաջնության այցելուների թիվը գերազանցեց մեր ակնկալիքները: Մենք ուրախ ենք, որ ավտոսիրահարների կողմից կա մեծ հետաքրքրություն ավտոսպորտի նոր ուղղության նկատմամբ եւ, հաշվի առնելով մասնակիցների մեծ ցանկությունը, մենք հետագայում եւս կանցկացնենք սեզոնային առաջնություններ բոլոր մարզերում», - նշեց Հայաստանի Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«Հաճելի է, որ «Lori-Extreme 2012» ռալլին մեծ հետաքրքրություն առաջացրեց, ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ սիրահարների շրջանում: Մոտ ապագայում մենք նախատեսում ենք անցկացնել ձմեռային էքստրիմ փառատոն, որտեղ կներկայացվեն տարբեր ուղղություններ` արտաճանապարհային մեքենաներ վարելուց, մինչեւ սնոուբորդ եւ պարկուր: Վստահ եմ, որ այդ մրցումները կդառնան վառ իրադարձություն էքստրեմալ սպորտի պրոֆեսիոնալների եւ սիրահարների կյանքում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: