11:16 | 14.02.12 | Նորություններ | 3826
Երեւան/Մեդիամաքս/. «Բեւեռ» ընկերությունն արտոնագիր պայմանագիր է կնքել Microsoft-ի հետ, որի համաձայն պաշտոնապես ընդգրկվել է Microsoft SPLA (Microsoft Services Provider License Agreement) գործընկերային ծրագրում:
Արտոնագիր պայմանագիրը (SPLA) հնարավորություն է տալիս «Բեւեռ» ընկերությանն առաջարկել Microsoft ծրագրային ապահովման տեղադրում իր իսկ տվյալների մշակման կենտրոնում: Պայմանագիրը նաեւ լայն հնարավորություն է ընձեռում հաճախորդներին`օգտվելու հոսթինգային («cloud») ծառայություններից, ինչպիսիք են` վեբ-հոսթինգը, կիրառական ծրագրերի հոսթինգը, հաղորդագրությունները, միասնական աշխատանքը եւ ենթակառուցվածքային պլատֆորմը:
Համաձայն SPLA պայմանագրի, «Բեւեռ» ընկերությունը հնարավորություն ունի մատակարարել հոսթինգ ծառայություններ` հարմարեցված կոնկրետ հաճախորդի պահանջներին, որն ունի գնային ճկուն համակարգ եւ նվազեցնում է ՏՏ սպասարկման ծախսերը:
«Սույն պայմանագիրը հնարավորություն կտա մեր կորպորատիվ հաճախորդներին եւ ուսումնական հաստատություններին նվազեցնել արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման ծախսերը` ամսական վճարելով փաստացի օգտագործված ծրագրերի դիմաց: Մեզ համար, որպես ՏՏ ծառայություններ մատուցող ընկերության, սա եւս մեկ քայլ է հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկն ավելի ընդլայնելու համար, առաջարկելու ծառայություններ ավելի շահավետ պայմաններով, բացառելով որեւէ նախնական ծախսեր կամ երկարաժամկետ պարտավորություններ», - նշել է «Բեւեռ» ընկերության տնօրեն Բորիս Աղաջանյանը: