15:42 | 24.11.11 | Նորություններ | 5082
Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Էլենառ» ռուս-հայկական կենտրոնի հետ երկարատեւ համագործակցության ծրագրի մեկնարկի մասին, որը
հանդիսանում է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի տեղեկատվական ռեսուրսների հասանելիության Հայաստանյան կենտրոնը:
ԱրմենՏել-ը կենտրոնին կցուցաբերի տեխնիկական աջակցություն հեռահար ուսուցման կուրսերի կազմակերպման գործում, ինչպես նաեւ կաջակցի կենտրոնի բոլոր մասնաճյուղերում դասավանդման գործընթացի համակարգմանը, հայտնել են ընկերությունում:
Հեռահար տեխնոլոգիաների ռուս-հայկական կենտրոնը հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալու ուսուցում իրենց մշտական բնակության վայրում: Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան հիմնադրվել է 1992 թ-ին: 2010թ. դրությամբ ակադեմինա պատրաստել է ավելի քան 240 հազ. մասնագետ: Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղը գործում է 1995 թ-ից:
Հանրապետության տարածքում այսօր գործում է «Elenar» հեռահար տեխնոլոգիաների 6 կենտրոն` Երեւանում, Գյումրիում, Կապանում, Տաշիրում, Ճամբարակում եւ Իջեւանում: Առաջիկայում եւս մեկ մասնաճյուղ կբացվի Ստեփանավանում:
«Հեռահար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը մեր սոցիալական ծրագրերից մեկն է. մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրած ռազմավարությանը եւ մինչեւ տարեվերջ կաջակցենք հանրապետության մի շարք դպրոցների տեխնիկական վերազինմանը», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: