Սթիվեն Վոզնյակ
Սթիվեն Վոզնյակ
16:57 | 10.11.11 | Նորություններ | 5916
Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվեն Վոզնյակն այսօր Երեւանում ասել է, որ դեռ 40 տարի առաջ հստակ որոշել էր, որ դառնալու է ճարտարագետ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում Սինոփսիս Արմենիա ընկերությունում Հայաստանի ՏՏ-հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սթիվեն Վոզնյակը պատմել է, որ իր առաջին սարքերը սկզբից մինչեւ վերջ պատրաստում էր ինքնուրույն՝ միջոցներ չունենալով դրանք այլ ընկերություններին պատվիրելու համար: «Միեւնույն ժամանակ մեծ հաճույք էի ստանում այդ ամբողջ գործընթացից», - ասել է նա:
«Մարդկանց թվում է, թե տեխնոլոգիաները քրտնաջան աշխատանք են: Ինձ համար երբեք այդպես չի եղել: Ես անում էի դա սիրով ու իմ հաճույքի համար», - ասել է Սթիվեն Վոզնյակը, հավելելով, որ Սթիվ Ջոբսն ուղղորդում էր իրեն այն հարցում, թե ինչ է պետք մարդկանց:
«Մեծ ճարտարագիտությունը ենթադրում է այնպիսի սարքերի ստեղծում, որոնք մարդամոտ են, հեշտ են օգտագործվում եւ մարդկանց մեջ դրանք օգտագործելու ցանկություն են առաջացնում: Շատ ճարտարագետներ դա անտեսում են, մինչդեռ համակարգիչը պետք է հաճելի լինի օգտագործման համար, որպեսզի ձեր արտադրողականությունը բարձրանա», - ասել է Սթիվեն Վոզնյակը, հավելելով, որ Apple-ը առաջին համակարգիչն էր, որը մարդկանց առաջարկեց խաղեր, գունավոր դիսփլեյ հասանելի գնով:
Սթիվեն Վոզնյակն ասել է, որ տեղյակ է Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ ՏՏ-կենտրոն լինելու մասին եւ համոզմունք է հայտնել, որ իր ու Սթիվ Ջոբսի գաղափարները կարելի էր իրագործել նաեւ Հայաստանում:
«Պետք է ուղղակի խիզախություն` հավատալու համար, որ դու կարող ես դա անել: Մենք Սթիվի հետ հավատում էինք, որ մեծ գործ ենք անում», - ասել է Սթիվեն Վոզնյակը:
Վաղը Սթիվեն Վոզնյակին կշնորհվի ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը: Մրցանակը հիմնադրվել է Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: