15:02 | 19.10.11 | Նորություններ | 3485

Երեւանում ներդրվել է գույքի եւ հողի հարկերի վճարման առցանց համակարգը

Երեւան: Մեդիամաքս: «Էլեկտրոնային քաղաք» հայեցակարգի շրջանակներում Երեանի քաղաքապետարանը ներդրել է գույքի եւ հողի հարկերի վճարման առցանց համակարգ:

Երեւանի քաղաքապետարանի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արա Յաղջյանն այսօր ասել է, որ քաղաքի բյուջեի մեծ մասը ստացվում է գույքային հարկերից, ուստի անհրաժեշտություն է առաջացել վճարման գործընթացը պարզեցնել եւ հարմարեցնել վճարողներին:

«Առցանց վճարման համակարգը հատկապես հարմար է Երեւանում գույք ունեցող, սակայն արտերկրում գտնվող սեփականատերերի համար: Համակարգը թեթեւացնում է նաեւ այն քաղաքացիների գործը, ովքեր քաղաքի տարբեր համայնքներում գտնվող սեփականության հարկերը վճարելու համար ստիպված էին ներկայանալ համապատասխան վարչական շրջան”,- ասել է նա:

«Իդրամ» ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Պողոսյանը տեղեկացրել է, որ առցանց վճարումների իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ քայլերը`

1. վիրտուալ հաշվի գրանցում;
2. հատուկ կոդի ստացում;
3. գույքահարկի մասով պարտքերի եւ տույժերի մասին հարցում;
4. վիրտուալ հաշվի լիցքավորում (արտերկրի սեփականատերերը` VISA եւ MASTER քարտերի միջոցով);
5. պարտավորությունների առցանց մարում;
Նա նշել է, որ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ հատուկ կոդը ստանալու համար անձը պետք է անցնի նույնականացման փուլ` ներկայացնելով անձնագրային տվյալներ: Գույքի սեփականատերը համապատասխան կոդը կարող է ստանալ վարչական շրջանից կամ առցանց համակարգի միջոցով:

Առցանց վճարումները կատարվում են Երեւանի քաղաքապետարանի www.yerevan.am կայքի միջոցով: