10:26 | 19.10.11 | Նորություններ | 2161

Google-ը եւ Samsung-ը ներկայացրել են Android 4.0-ն եւ նոր սմարթֆոնը

Երեւան/Մեդիամաքս/. Samsung-ը եւ Google-ը ներկայացրել են Android 4.0 օպերացիոն համակարգի նոր` Ice Cream Sandwich տարբերակը եւ Galaxy Nexus-ի հիման վրա աշխատող առաջին սմարթֆոնը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով կորեական  Yonhapnews գործակալությունը, Google-ը հայտարարել է, որ օպերացիոն համակարգը կարելի է օգտագործել ինչպես սմարթֆոնների, այնպես էլ պլանշետային համակարգիչների համար:
Արդեն նոյեմբերին Galaxy Nexus-ը կհայտնվի եվրոպական շուկայում:

Android 4.0 Ice Cream Sandwich-ի ծրագրավորողների հիմնական նպատակն էր միավորել համակարգի նախորդ երկու տարբերակները, որոնցից մեկը` Gingerbread-ը, նախատեսված էր սմարթֆոնների, իսկ մյուսը` Honeycomb-ը` պլանշետային համակարգիչների համար:

Ice Cream Sandwich-ի թողարկմամբ համակարգը դարձել է ավելի ունիվերսալ եւ կարող է օգտագործվել ցանկացած տեսակի սարքերի համար: Ծրագրավորողները կկարողանան ստեղծել հավելումներ, որոնց աննշան արդիականացումից հետո դրանք հնարավոր կլինի կիրառել ինչպես սմարթֆոնների, այնպես էլ պլանշետների վրա:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, Samsung-ի նոր սմարթֆոնը, որը կդառնա ընկերության նոր ֆլագմանը, վաճառքի կհանվի Galaxy Nexus ապրանքանիշի ներքո: