11:31 | 07.10.11 | Նորություններ | 2434

Ի՞նչ կլինի Apple-ի հետ Սթիվ Ջոբսի մահից հետո

Երեւան/Մեդիամաքս/. Ի՞նչ կլինի աշխարհի ամենաթանկ ՏՏ-ընկերության` Apple-ի հետ իր հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո: Այսօր նման հարց է բարձրացնում “Վեդոմոստի” թերթը` նշելով, որ “հենց Ջոբսն էր Apple-ի համար նոր շուկաներ բացել` թվային երաժշտության, բջջային կապի եւ պլանշետների”:

“Ջոբսի թողած ժառանգությունը բավարար է 5 տարվա համար”,- վերջերս “Վեդոմոստի”-ի հետ զրույցում նման կանխատեսում էր արել Սիլիկոնյան հովտի հայտնի գործարար եւ Ստենֆորդի համալսարանի դասախոս Սթիվ Բլանկը: Նա կարծում է, որ այս ընթացքում ընկերությունը կկարողանա հաջող զարգանալ եւ պահպանել իր առաջնային դիրքերը ՏՏ ոլորտում, իսկ այնուհետ համակարգչային որեւիցե ընկերություն կկարողանա անցնել նրան:

Հավանաբար, այս ընթացքում Ջոբսի գաղափարներն եւս մի քանի հեղափոխություն կանեն թվային աշխարհում: Piper Jaffray-ի վերլուծաբան Ջին Մյունսթերը հունիսին ենթադրություններ էր արել, որ Apple-ը կթողարկի հեռախոսներում եւ պլանշետներում  առկա iOS օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող լիարժեք հեռուստացույց:
Վերջերս Apple-ը արտոնագրել էր հեռուստացույցի կառավարման գործիքներ, ինչպես նաեւ ձեռք էր բերել հեռուստացույցների եւ մոնիտորների համար օգտագործվող մասեր:

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը 4 տարի առաջ լրագրողներին բացատրել էր, թե ինչու՞ է իր լավագույն ընկեր Սթիվ Ջոբսին համարում Apple-ի կատարյալ ղեկավարը: Նա հավաստիացնում էր. “Ջոբսը չունի իրեն հավասարը նորարարության աշխարհում, նրան հաջողվել է “աներեւակայելին”`անհատական համակարգիչների գյուտը, նորարար երաժշտական փլեյերների եւ բջջային հեռախոսների ստեղծումը: Էլիսը նույնիսկ սկսել էր ձեռքերը թափահարել. “Ահա Apple-ը Սթիվ Ջոբսի հետ միասին (օդում ձեռքով գծում է վեր նայող կոր), իսկ ահա` առանց նրա (ձեռքը վար է ընկնում), ահա նորից իր հետ (ձեռքը նորից վեր): “Ուզո՞ւմ եք նորից գիտական փորձ անցկացնել եւ տեսնել, թե ինչ կլինի Apple-ի հետ առանց Ջոբսի”,- այն ժամանակ կատակել էր Էլիսոնը: