Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին նախատեսվում էր հրավիրել Հայաստան, քանի որ նա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի այս տարվա մրցանակի գլխավոր թեկնածուներից էր:
Այս մասին այսօր Երեւանում ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանն ընդգծել է այն փաստը, որ Սթիվ Ջոբսը մեծացել է հայկական ընտանիքում, նշելով, որ այս պարագայում «նրա հանճարեղությունը ամենեւին զարմանալի չէ» եւ ցավ է հայտնել, որ Apple-ի հիմնադրին այնպես էլ չհաջողվեց հրավիրել Հայաստան:
«Սթիվ Ջոբսը բոլորից տարբերվում էր նրանով, որ տեսնում էր, թե ինչ է լինելու 10 տարի հետո», ասել է Վիասֆեր Տեխնոպարկ ընկերության տնօրեն Թոնի Մորոյանը:
Նա նշել է, որ մասնակցել է Սթիվ Ջոբսի դասախոսություններին Սթենֆորդի համալսարանում, «որոնք միշտ շատ հետաքրքիր էին եւ ոգեւորիչ»: