18:31 | 06.10.11 | Նորություններ | 3086

Հայաստան է ժամանել Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահը

Երեւան/Մեդիամաքս/. Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական պատվիրակության կազմում այսօր Երեւան է ժամանել Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը:

Այցի ընթացքում Ստեֆան Ռիշարը կունենա մի շարք հանդիպումներ, որոնց թվում նաեւ` Orange Արմենիայի թիմի հետ:

Հոկտեմբերի 7-ին Ստեֆան Ռիշարը Orange-ի գլխավոր խանութում կհյուրընկալի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում` Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամներին, Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին ու Ֆրանսիայի արտաքին առեւտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին:

Ստեֆան Ռիշարը կմասնակցի Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի պաշտոնական բացման արարողությանը:

Արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ձեռք է բերվել Ֆրանս Տելեկոմ Orange-ի աջակցությամբ: