11:42 | 20.09.11 | Հարցազրույցներ | exclusive 8779

“ԱրմենՏել”. մոտ ժամանակներս մենք կներկայացնենք VDSL տեխնոլոգիան

“ԱրմենՏել”-ի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Itel.am պորտալին

- Օպերատորների մրցակցությունը Երեւանում կարծես թե հասնում է իր գագաթնակետին, եւ օպերատորներն ակտիվորեն թափանցում են մարզեր: “ԱրմենՏել”-ը ունի Հայաստանի հաղորդալարի ամենալայն տրանսպորտային ցանցը: Ի՞նչ վիճակում է այն եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում երկրի ներսում ցանցը զարգացնելու նպատակով:


- Ընկերությունը զգալիորեն արդիականացրել է տրանսպորտային ցանցը: Այսօր օպտիկամանրաթելային ցանցը ունի տարածական օղակաձեւ պահեստային կառուցվածք, այդ թվում` DWDM ժամանակակից տեխնոլոգիայի հիման վրա: Դա հնարավորություն է տալիս զգալիորեն ավելացնել հուսալիությունը, թողունակությունը եւ ցանցի օգտագործումը: Մենք մշակում ենք All-IP հասկացությունը, որով ապահովում ենք տարբեր տեխնոլոգիաների վերափոխումների բացակայությունը բաժանորդների կողմից գեներացվող տրաֆիկի ամբողջ ուղու վրա: Հասկանալի լինելու համար ասեմ, որ անցումը All-IP-ին հեռահաղորդակցության համար նույնքան հրատապ է, որքան ավտոճանապարհների միասնական ցանցի կառուցումը` տրանսպորտային ենթակառուցվածքի ընդհանուր կանոններով: IP-ն հասցեագրման ունիվերսալ սկզբունք է, որի շնորհիվ ծավալային ցանցերի շահագործումը դառնում է ավելի արդյունավետ: Դա տալիս է զգալի դրական արդյունքներ ինչպես փոխանցման արագության, այնպես էլ փաթեթի փոխանցման ժամանակավոր ուշացումների դեպքում: Ընդհանուր առմամբ, ցանցերի առումով մենք հեռացել ենք ցանցային տարրերի միջեւ 10 Գբ/վ-ից պակաս կարողություն ունեցող ուղիներից:

- Հայաստանում առկա է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ զարգացման մակարդակի հսկայական տարբերության խնդիրը, ինչը, նախ եւ առաջ, վերաբերում է գործնական ակտիվության մակարդակին: Հաշվի առնելով այս հանգամանքը` որքանո՞վ արդյունավետ է ձեր ընկերության համար HiLine ծառայության առաջխաղացումը մարզերում, որտեղ բնակչության գնողունակությունը մի քանի անգամ ավելի ցածր է, քան Երեւանում: Միգուցե շատ մարզերում դուք գործում եք՝ հասարակության առջեւ ընկերության սոցիալական պատասխանատվության նկատառումներից ելնելո՞վ:


- Հայաստանի մարզերում տրանսպորտային ցանցի զարգացման եւ բաժանորդային գծերի համար ներդրումային ծախսերը չեն փոխհատուցվում մարզերում Hi Line ծառայության մատուցման հաշվին: Սակայն մեր ընկերության ռազմավարությունը թելադրում է, որ Հայաստանի խոշորագույն օպերատորի` «ԱրմենՏել»-ի համար դա պատասխանատվության խնդիր է երկրի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վիճակի համար: Եվ խնդիրն այնքան էլ առեւտրական չէ, որքան խոշոր ներդրողի մոտեցման լրջությունը, որին վստահված է պետության հեռահաղորդակցության անվտանգությունը: Եվ մենք անում ենք հնարավոր ամենը` Հայաստանում եւ մարզերում նոր տեխնոլոգիաների հավասարաչափ մուտք ապահովելու համար: Այստեղ, բնականաբար, առկա է սոցիալական պատասխանատվության տարրը:

- Վերջերս “ԱրմենՏել”-ը հայտնել էր HiLine-ի 100-հազարերորդ բաժանորդի միացման մասին: Որքա՞ն բաժանորդ կարող է սպասարկել ձեր ցանցը եւ ո՞րն է դրա «սահմանը»:


- Մենք ցանցի զարգացման աշխատանքները ծրագրավորում ենք մեկ տարվա կտրվածքով` ելնելով միացումների դինամիկայից: Համապատասխանաբար, ցանցի անխափան աշխատանքի ապահովման համար ներդրումները իրականացվում են`հաշվի առնելով միացումների առավել լավատեսական կանխատեսումները:

- Հուլիսին հայտարարվել էր, որ “ԱրմենՏել”-ը նախատեսում է ներդնել VDSL գերարագ թվային տեխնոլոգիան, որը հնարավորություն կտա ապահովելու մինչեւ 40 MBT/վրկ միացման արագություն: Հայտնի՞ են տվյալ տեխնոլոգիայի թողարկման մոտավոր ժամկետները եւ սփռման աշխարհագրությունը:

- Շատ մոտ ժամանակներս մեր ցանցի իրական պայմաններում տեխնոլոգիան կներկայացվի հանրությանը` կոնկրետ բնակելի շենքերում եւ ոչ թե լաբորատոր թեստային պայմաններում: Ինչ վերաբերում է աշխարհագրությանը, ապա VDSL  տեխնոլոգիայի ներդրումը կիրականացվի փուլ առ փուլ, ինչպես ADSL տեխնոլոգիաները` մայրաքաղաքից դեպի մարզեր:

- Օգոստոսի վերջին “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրենն ասել է, որ մոտ ժամանակներս ընկերությունը հադես կգա ինտերնետ բաժանորդների համար նոր առաջարկներով: Եթե հնարավոր է, բացեք փակագծերը. խոսքը տեխնոլոգիակա՞ն, թե՞ մարքեթինգային նորարարությունների մասին է:


- Օգոստոսի կեսից շատ ժամանակ չի անցել, սակայն շուկայում մենք արդեն ներկայացրել ենք  մեր առաջարկներից մեկը: Խոսքը աննախադեպ ակցիայի մասին է, որը մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս ինտերնետին միանալու դեպքում նվեր ստանալ նեթբուք, իսկ գործող բաժանորդների` պայմանագրի վերակնքման դեպքում: Ակնհայտ է, որ նման ծավալի միացման կոմերցիոն իրականացումը տվյալ նախագծի շրջանակներում պահանջում էր, նախ եւ առաջ, ընկերության տեխնիկական բոլոր ստորաբաժանումների հարթ եւ անթերի աշխատանքը` ծրագրավորումից մինչեւ շահագործում: Այն, որ 2 շաբաթից քիչ ժամանակահատվածում մենք կարողացանք միացնել ցանկացողների անսահմանափակ քանակություն, խոսում է մեր տեխնիկական համակարգի հուսալիության, ցանցի գրագետ կազմակերպման եւ դրա սթրեսակայունության մասին:

Օրերս մեր ընկերությունը ստացել է Հայաստանում Google ընկերության պաշտոնական հոսթի կարգավիճակ, ինչը մեզ հնարավորություն է տալիս մեր սերվերներում քեշավորել Google-ի ցանկացած ծառայություն: Մեր հաճախորդներն արդեն նշել են այնպիսի ճանաչված ծառայությունների աշխատանքի բարձր որակը, ինչպիսիք են YouTube-ը եւ Google Map-ը: Այժմ նրանք հնարավորություն ունեն առանց ուշացումների դիտել HD ձեւաչափի տեսահոլովակներ` ժամանակ չվատնելով ներբեռնման համար:

- Այս տարի դուք գործարկել եք անվճար վեբ-հոսթինգի ծառայությունը եւ մինչեւ տարեվերջ երկարացրել առաջարկի գործունեության ժամկետը: Որքանո՞վ է այն պահանջված, կարո՞ղ եք տվյալներ ներկայացնել իրենց սերվերների աշխատանքը ձեր ընկերությանը վստահած բաժանորդների քանակի մասին:


- Հայկական կայքերի հոսթինգի վիճակը, որն իրականացվում է գերազանցապես արտերկրում, շատ չի փոխվել, այնպես որ զանգվածային պահանջարկի մասին խոսելն ավելորդ է: Իհարկե, իրականում վատ չէր լինի, եթե հայկական բոլոր կայքերը հոսթավորվեին երկրի ներսում: Սակայն, նույնիսկ այսօր` չնայած ընդհանուր քանակից փոքր տոկոսի, մեզ մոտ հոսթ եղած կայքերը ապահովում են մեր հաճախորդների տրաֆիկի լուրջ չափաբաժինը:

- Օրերս Ucom-ը եւ Netsys-ը հայտարարեցին միաձուլման մասին, որի գլխավոր նպատակներից է վեբ-հոսթինգի ծառայության զարգացումը: Կարելի՞ է արդյոք ասել, որ տեղական կայքերի` հոսթինգը արտերկրից  Հայաստան տեղափոխելու համար պայքարը, զգալիորեն կազդի օպերատորների միջեւ մրցակցության վրա:


- Հոսթինգի ծառայությունից ստացվող եկամուտները օպերատորի ընդհանուր պորտֆելում բավականին չնչին տոկոս են կազմում, այնպես որ ես չէի դիտարկի հոսթինգի ծառայությունը որպես շուկայական մրցակցության առաջնահերթություն: Իսկ եթե դուք ի նկատի ունեք հոսթինգի կիրառումը որպես ճնշման գործիք տրաֆիկի փոխանակման հարցում, ապա Հայաստանում այս խնդիրը հստակ կանոնակարգվում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումով: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հոսթինգն այն հատվածն է, որտեղ տեղական օպերատորները պետք է մրցեն ոչ թե իրար հետ, այլ օտարերկրյա ընկերությունների` քոնթենթը դեպի Հայաստան գրավելու նպատակով: Սա, իր հերթին, հնարավորություն կտա բեռնաթափել արտաքին ուղիները, նվազեցնել ինտերնետ ծառայության ինքնարժեքը եւ, համապատասխանաբար, բաժանորդների համար սահմանված գները:

- Ի դեպ,  Netsys-ի ղեկավարը հայտարարել էր, որ Ucom-ի հետ ձուլվելու պատճառներից մեկը “ԱրմենՏել”-ի DSL-ցանցի ցածր թողունակությունն է: Ի՞նչ կասեք այս առումով:

- Beeline-ի IP/MPLS/ DWDM տեխնոլոգիայով պատրաստված տրանսպորտային հեռահաղորդակցական ցանցերը Երեւանում եւ մարզերում ապահովում են Beeline ցանցի բավարար թողունակությունը եւ շատ անգամ գերազանցում են 10Gbps: Կարծում եմ, որ այս թվերը մեկնաբանության կարիք չունեն եւ անիմաստ  դարձնում ցանկացած հետագա քննարկումը այս ուղղությամբ:

- “ԱրմենՏել”-ը զարգացնում է նաեւ իր 3G ցանցը: Ինչպե՞ս եւ ե՞րբ բաժանորդները կզգան արդիականացված ցանցի առավելությունները:

- Մենք հաջորդաբար ներդրումներ ենք իրականացնում 3G ցանցի աշխարհագրության եւ կարողության ընդլայնման գործում: Այսօր Beeline-ի 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 3 մլն բնակչություն ունեցող ավելի քան 150 բնակավայր: Այսինքն` այդ բնակավայրերի բնակիչներն արդեն այսօր կարող են օգտվել որակյալ բջջային կապից, բարձրակարգ ինտերնետից եւ Beеline-ի ժամանակակից այլ ծառայություններից:

- Ֆիքսված հեռախոսակապի շուկա, որտեղ “ԱրմենՏել”-ը մինչեւ վերջերս միակ խաղացողն էր, սկսում են մուտք գործել նոր ընկերություններ: Ո՞րն է ձեր առավելությունը նրանց նկատմամբ: Ենթադրենք, Երեւանում կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, եւ շինարարների առջեւ օպերատոր ընտրելու խնդիր է դրվում: Ինչու՞ նրանք պետք է նախապատվությունը տան ձեր ընկերությանը, եւ ոչ թե մեկ ուրիշին:

- Մենք կարող ենք առաջարկել ժամանակակից եւ զանգվածային լուծումներ առաջարկող լայն ծառայություններ, որոնք այդ շենքի բնակիչներին եւ գործող կազմակերպությանը հնարավորություն կտան առավելագույն օգուտ ստանալ մեր կողմից առաջարկվող լուծումներից: Ուզում եմ նշել, որ մենք ապահովում ենք տրամադրվող ծառայությունների շուրջօրյա սպասարկում, ինչը շատ կարեւոր է բնակիչների անվտանգության ապահովման առումով (կանչ հատուկ ծառայություններին, պահակին եւ մոնիտորինգ)` ավելացնելով նրանց կենսակերպի որակը: