16:39 | 09.09.11 | Նորություններ | 2323

HTC-ն դատի է տվել Apple-ին Google-ի պատենտների համար

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ի դեմ պատենտային պատերազմ հայտարարած HTC-ն հերթական հայցն է ներկայացրել համակարգչային հսկայի դեմ` այս անգամ որպես փաստարկ օգտագործելով Google-ի պատենտները:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ընկերությունը նոր հայցը հղել է Դելավեր նահանգի դաշնային դատարան, ինչպես նաեւ հավելել է Apple-ի դեմ բողոքի տեքստը, որն ավելի վաղ ներկայացրել էր ԱՄՆ Միջազգային առեւտրի հանձնաժողով:

Այս անգամ HTC-ն պնդում է, որ Apple-ը խախտել է անցյալ շաբաթ թայվանյան ընկերության կողմից Google ինտերնետ-հսկայից գնված պատենտները:

HTC-ն կարծում է, որ պատենտներում նկարագրված ստեղծարարությունները, մասնավորապես,  Wi-Fi անլար կապի տեխնոլոգիան, ինչպես նաեւ պրոցեսորային տեխնոլոգիաներն ապօրինի են օգտագործվում Mac համակարգիչներում, iPod փլեյերներում, iPhone սմարթֆոններում եւ iPad պլանշետներում:

«Մենք օգտակար ենք համարում մրցակցությունը, սակայն շուկայի մասնակիցները պետք է իրենց սեփական յուրահատուկ տեխնոլոգիաները ստեղծեն, այլ ոչ թե մերն օգտագործեն», - պատասխանել է Apple-ը, որն անցյալ տարի ինքն էր մեղադրել HTC-ին 20 պատենտների խախտման համար: 

«Սկսվում է Apple-ն ընդդեմ Android-ի պայքարը, - BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է Charlton Media Group-ի վերլուծաբան Թիմ Չարլթոնը. – Google-ը փորձում է պայքարել Apple-ի հետ անուղղակի կերպով` HTC-ի օգնությամբ»: