14:36 | 07.07.11 | Նորություններ | 3029

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է Mօbile-Health Sօlutiօn պիլոտային ծրագիրը` Ericsson-ի տեխնոլոգիայի հիման վրա

Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանն այսօր ներկայացրել են Mobile-Health Sօlutiօn լուծումը` կառուցված Ericsson ընկերության M-Health անլար տեխնոլոգիայի վրա:

Վերջինիս նպատակն է ստեղծել նոր կատարելագործված միջոցներ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար: M-Health տեխնոլոգիան առավել հաճախ կիրառվում է բջջային հաղորդակցման սարքերի հետ` զգալիորեն նպաստելով որակյալ առողջապահական ծառայությունների ապահովմանը:

Այս լուծումը թույլ է տալիս բժշկին հեռավորության վրա հսկողություն սահմանել հիվանդի առողջության հանդեպ:

Հիվանդը հնարավորություն է ստանում ցանկացած պահին բժշկին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով ուղարկել իր առողջական վիճակի մասին տեղեկություններ` բուժաշխատողի կողմից շարժական հատուկ սարքավորումների միջոցով դրանք վերլուծելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի M-Health համակարգը ներառում է հետեւյալ սարքերն ու սարքավորումները. սպիրոմետր, արյան ճնշման չափման գործիք, պուլսօքսիմետր, ինչպես նաեւ տարբեր սենսորների միջոցով տվյալներ հավաքագրման համար նախատեսված հատուկ սարքավորումը (գործում է Bluetooth համակարգով), որի օգնությամբ տվյալները ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով փոխանցվում են բուժաշխատողին:  

Mobile-Health Sօlutiօn լուծումը ներկայացվել է այսօր Երեւանում մեկնարկած Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, որի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 10 մլն դրամ: