09:33 | 07.07.11 | Նորություններ | 2263

Facebook-ը եւ Skype-ը տեսաչաթ են գործարկել

Երեւան/Մեդիամաքս/. Facebook սոցիալական ցանցում հայտնվել է տեսաչաթ: Հուլիսի 6-ին Facebook-ի գլխավոր գրասենյակում ցանցի ղեկավարությունը հայտարարել էր նոր ծառայության գործարկման մասին:

Տեսաչաթը միացվում է բրաուզերում, սակայն շփումը սկսելուց առաջ անհրաժեշտ է տեղադրել հատուկ հավելում: Տեսաչաթում կապի մեջ կարող են լինել միաժամանակ մի քանի օգտվողներ:

Տեսաչաթը ինտեգրված է Facebook-ի տեքստային չաթի հետ: Տեսազանգեր կարելի է կատարել ցանկում ընդգրկված մարդկանց: Զանգը իրականացնելու համար պետք է սեղմել տեքստային չաթի վերին վահանակի տեսախցիկի պատկերին կամ մտնել օգտվողի էջ եւ սեղմել «Զանգահարել» կոճակը:

Facebook-ը խոստանում  է, որ «առաջիկա շաբաթներին» տեսազանգերի գործառույթը հասանելի կլինի սոցիալական ցանցի բոլոր օգտվողներին, գրում է Lenta.ru-ն:

Facebook-ը տեսազանգերը գործարկել է Skype-ի հետ համագործակցությամբ: Լուրերն այն մասին, թե Skype-ը եւ Facebook-ը համատեղ նախագիծ են պատրաստում, տարածվել էին դեռեւս հուլիսի սկզբին:

Տեսազանգերի եւ խմբակային տեսաչաթի ֆունկցիան առկա է նաեւ Google+ սոցիալական ցանցում, որը մեկնարկել է հունիսի 28-ին:

Մայիսին հայտարարվել էր Microsoft կորպորացիայի կողմից Skype-ի գնման մասին: Սպասվում է, որ արդեն 2011-ին այն կանցնի Microsoft-ի սեփականության ներքո: Ավելի վաղ Skype-ի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաեւ Facebook-ը: