16:06 | 01.06.11 | Նորություններ | 3398

ԱրմենՏել-ն ունի լայնաշերտ ինտերնետի մոտ 85 հազ. բաժանորդ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի (ապրանքանիշը Beeline) զուտ հասույթը 2011 թ. առաջին եռամսյակում 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,5%-ով եւ կազմել 16 մլրդ 890 մլն դրամ ($45,04 մլն):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով «ՎիմպելԿոմ Լտդ»-ի ֆինանսական եւ գործառնական արդյունքները, 2011 թվականի առաջին եռամսյակում ԱրմենՏել-ի բջջային բիզնեսից ստացված գործառնական հասույթը 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.6%-ով եւ կազմել 7 մլրդ. 384 մլն դրամ, իսկ ֆիքսված կապի հասույթը 7.1%-ով նվազել է եւ կազմել 9 մլրդ 505 մլն դրամ:

ԱրմենՏել-ի գործառնական հասույթը մինչեւ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը (OIBDA) 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել է 5 մլրդ 742 մլն. Դրամ՝ 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 21,9%-ով:

Բջջային հատվածում ԱրմենՏել-ի բաժանորդային պայմանագրերի թիվը 2010 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 27,3%-ով` 2011 թ. մարտի 31-ի դրությամբ կազմելով 699 հազ., իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 170,5%-ով (53,2 հազ.-ով)` կազմելով 84.4 հազ.:

Հայաստանում բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել է 2893 դրամ`2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 18,4%-ով (դոլարային համարժեքով ARPU ցուցանիշը նվազել է 13,3%-ով` կազմելով $7,8):

MOU ցուցանիշը (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի կողմից օգտագործված րոպեների քանակը) առաջին եռամսյակում նվազել է 31,3%-ով եւ կազմել 237,6 րոպե: