13:26 | 15.02.11 | Նորություններ | 3650

ՀՀ անցումը նոր անձնագրերին կարժենա շուրջ €5 մլն

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի համար ID-քարտերի եւ բիոմետրիկ անձնագրերի արտադրության մրցույթի եզրափակիչ են դուրս եկել լեհական Polish Security Printing Works (PWPW) եւ ֆրանսիական Oberthur technologies ընկերությունները:

Հայկական նոր անձնագրերի արտադրության մրցույթին մասնակցել են 8 արտասահմանյան ընկերություններ, այդ թվում նաեւ ռուսաստանյան «Սինտրոնիքս» կորպորացիան: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն այսօր ասել է, որ մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի մոտ ժամանակներս:

Նոր տեսակի անձնագրերին Հայաստանի անցումը գնահատվում է շուրջ €5 մլն: ID-քարտերի ստացումը (որոնք նախատեսված են միայն երկրի ներսում օգտագործելու համար) ՀՀ քաղաքացիների համար կարժենան 1 000 դրամ, իսկ բիոմետրիկ անձնագրերի (արտասահմանյան ուղեւորությունների համար) ձեռք բերման արժեքը դեռեւս չի սահմանվել եւ կկազմի շուրջ 15 000 դրամ:

Փաստաթղթերի նոր տեսակների տրամադրման սկիզբը նախանշվում է այս տարվա սեպտեմբերին: Դա չի ենթադրում գործող անձնագրերի շուտափույթ փոխարինում, եւ քաղաքացիները կարող են ներկայիս անձնագրերն օգտագործել (ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս) մինչեւ դրանց վավերականության ժամկետի ավարտը:

Նույնականացման քարտը պարունակելու է էլեկտրոնային ստորագրություն, իսկ անձնագիրը` քաղաքացու մատնահետքերը; հետագայում փաստաթղթում ներառվող տվյալներն ընդլայնվելու են: Բիոմետրիկ անձնագիրը տրամադրվելու է 5, իսկ ID-քարտը` 10 տարով: