10:30 | 03.12.10 | Նորություններ | 3144
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գործառնական զուտ հասույթը 2010թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 7.2%-ով` կազմելով 17 մլրդ 785 մլն դրամ ($48,7 մլն):
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով «Վիմպելկոմ ԼՏԴ» գործառնական եւ ֆինանսական տվյալները, 2010թ. III եռամսյակում «ԱրմենՏել»-ի բջջային բիզնեսից ստացած գործառնական զուտ հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,6%-ով (կազմելով 7 մլրդ 698 մլն դրամ, կամ $21.1 մլն), իսկ ֆիքսված բիզնեսից ստացած հասույթը նվազել է 13%-ով` կազմելով 10 մլրդ 87 մլն դրամ ($13.3 մլն):
«ԱրմենՏել»-ի գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի պահումը (OIBDA) ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 87 մլրդ 74 մլն դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 17.7%-ով:
Բջջային հատվածում «ԱրմենՏել»-ի բաժանորդային պայմանագրերի թիվը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 15,7%-ով` այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 581 հազ., իսկ լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 219,3%-ով (39,7 հազ.)` կազմելով 57,8 հազ.:
Բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) երրորդ եռամսյակում կազմել է 4 176 դրամ` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 18,4%-ով: Միաժամանակ, MOU ցուցանիշը (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի կողմից օգտագործված րոպեների քանակը) 2010թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,6%-ով` կազմելով 286,7 րոպե: