14:03 | 29.09.10 | Նորություններ | 3429
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում հասարակությունը եւ պետությունը ցանկացած բիզնեսի կարեւորագույն գործընկերն են:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` այսօր հանդես գալով Սոցիալական գործընկերության առաջին ազգային համաժողովում:
Նրա խոսքերով, «ԱրմենՏել» ընկերության քաղաքականությունը բխում է այն գաղափարից, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման բաղկացուցիչ մաս է կազմում ոչ այնքան քաղաքականությունը կամ տնտեսությունը, որքան պետության, բիզնեսի եւ հասարակության փոխհարաբերությունների մշակույթը:
Միաժամանակ, Իգոր Կլիմկոն նկատել է, որ քանի որ հասարակությունը եւ պետությունը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բիզնեսի նկատմամբ, նրանք պետք է աջակցեն բիզնեսին այնպես, որ անձնական հետաքրքրությունը բիզնեսի հանդեպ չկորի:
«Բիզնեսի հիմնական պատասխանատվությունն է արդյունավետ վարել գործը, ստանալ եկամուտ եւ վճարել հարկերը: Բայց Հայաստանը գտնվում է անցումային փուլում, եւ կան ավելի ծայրահեղ հարցեր, այդ իսկ պատճառով նման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բիզնեսի եւ հասարակության առավել ակտիվ մասնակցություն»,- ասել է «ԱրմենՏել»-ի ղեկավարը:
Իգոր Կլիմկոն հույս է հայտնել, որ այդ քննարկումը կդառնա եւս մեկ քայլ սոցիալական գործընկերության օպտիմալ մոդելի մշակման ճանապարհին: