17:03 | 19.07.10 | Նորություններ | 3814

«ՋիԷնՍի-Ալֆա»-ն շահագործման է հանձնել իր ցանցը Երեւանում եւ 16 քաղաքներում

Երեւան/Մեդիամաքս/. «ՋիԷնՍի-Ալֆա» մեծածախ ինտերնետ-պրովայդերը հայտարարել է 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը Երեւանում եւ ՀՀ 16 քաղաքներում շահագործման հանձնելու մասին (Աբովյան, Նոր Հաճն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր եւ Բագրատաշեն):

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունում, օպերատորը էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին, ծառայություն մատուցողներին եւ կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է IP-տարանցման, ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, ինչպես նաեւ վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) եւ այլ ծառայություններ: Մամուլի ծառայությունում նշել են, որ մինչեւ տարեվերջ օպերատորի ցանցի ծածկույթը կընդգրկի 29 քաղաք:

«ՋիԷնՍի-Ալֆա»-ն ՀՀ երրորդ մեծածախ ինտերնետ-պրովայդերն է, որն ունի առաջնային հասանելիություն համացանցին (մի ելքը` Իրանի, մյուսը` Վրաստանի միջոցով): Ընկերությունը մատուցում է մեծածախ ինտերնետի ծառայություններ 2009թ. հոկտեմբերից:

«ՋիԷնՍի-Ալֆա» ցանցը կառուցված է ամերիկյան Juniper Networks եւ Cisco Systems արտադրողների տեխնոլոգիաների վրա: Ցանցի հաճախորդներն են Orange Armenia-ն եւ VivaCell-MTS-ը, ինչպես նաեւ ՀՀ բազմաթիվ այլ ինտերնետ-պրովայդերներ: