10:00 | 22.06.10 | Նորություններ | 2702

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հիշեցրել է, որ իր HSPA 3G ցանցը գործարկել է ավելի քան 1 տարի առաջ

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հիշեցրել է, որ 2009 թվականի ապրիլի 17-ին Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում պաշտոնապես ազդարարել է HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող իր 3G ցանցի կոմերցիոն մեկնարկը:

“Հարկ ենք համարում նշել նաեւ, որ HSPA-ը բաղկացած է երկու տեխնոլոգիական մասերից` HSDPA (թրաֆիքի ներբեռնման համար) և HSUPA-ից (թրաֆիքի վերբեռնման համար), որոնց արագությունները կազմում են մինչև 7.2 Մբ/վրկ HSDPA-ի եւ մինչև 1.83 Մբ/վրկ` HSUPA-ի համար: Ավելի ուշ HSPA տեխնոլոգիայի հիման վրա գործող 3G ցանցը ընդլայնվել է եւ` “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կողմից 2009թ. հոկտեմբերի 27-ին հայտարարվել է Հայաստանի բոլոր մարզերում դրա կոմերցիոն մեկնարկը”, - ասված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի բաժանորդներից HSPA-ի տեխնոլոգիայով ծառայություններից   օգտվելու համար լրացուցիչ գումար չի գանձվում:

Ս.թ. հունիսի 18-ին Orange Armenia օպերատորը ազդարարեց «Արագ բեռնում» ծառայության մեկնարկը եւ հայտարարեց, որ “Orange-ն առաջին բջջային օպերատորն է, որ HSUPA տեխնոլոգիաներ է ներդնում Հայաստանում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում”: