ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը
14:09 | 14.04.10 | Նորություններ | 3700
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է տեղական պրովայդերների միջեւ ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կանոնները:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ կանոնները նախատեսում են անվճար պիրինգային միացման փոխադարձ ապահովում վայրկյանում 10 մեգաբիտ նվազագույն թողունակությամբ:
Նրա խոսքերով, պիրինգային միացումը (P2P, peer-to-peer) ենթադրում է մի ցանցի բաժանորդների ուղիղ միացում մյուսի բաժանորդներին առանց երրորդ ցանցերի միանալու: Միաժամանակ, Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ պիրինգային միացում ապահովող մեկ կապուղու միջին ամսական ծանրաբեռնվածությունը չպետք է գերազանցի 60% թողունակությունը:
Հաստատված կանոնների համաձայն, տեղական պրովայդերները պետք է նախօրոք հայտարարեն իրենց ցանցի նվազագույնը մեկ պիրինգային կետի մասին, իսկ մեկից ավել կետի դեպքում նրանց թողունակությունը չպետք է ցածր լինի էլեկտրոնային հաղորդակցության տվյալ հասարակական ցանցի թողունակությունից, ինչպես նաեւ պետք է որոշեն պիրինգային կետերի թերությունների վերացման առավելագույն ժամանակը եւ այլն:
ՀԾԿՀ ներկայացուցիչը նշել է, որ պիրինգային միացումը կազմակերպելու բոլոր ծախսերը հոգալու են օպերատորները, որոնք պիրինգային կետ են մատուցում իրենց էլեկտրոնային հաղորդակցության հասարակական ցանցում, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ ծախսերի բաշխման մասին:
Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ այդ որոշումը թույլ կտա, նախեւառաջ, իջեցնել ինտերնետ-ծառայությունների արժեքը վերջնական սպառողների համար եւ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:
«ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ) ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը ողջունել է ՀԾԿՀ որոշումը` նշելով, որ պիրինգային միացումների արտաքին համակարգման բացակայությունն առաջացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, որոշ պրովայդերներ սահմանափակել են այլ պրովայդերների բաժանորդների հասանելիությունն իրենց ցանցերին, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծել վերջնական սպառողների համար: Նրա խոսքերով, այդ որոշումը կլուծի առկա խնդիրը եւ թույլ կտա ապահովել ինտերնետային ծառայությունների լավագույն որակ բաժանորդների համար: