10:59 | 06.04.10 | Նորություններ | 2657

2009թ. VivaCell-MTS-ի հասույթն ավելացել է 2%-ով` կազմելով 80,3 մլրդ դրամ

Երեւան/Մեդիամաքս/. 2009թ. VivaCell-MTS-ի հասույթը 2008թ. համեմատ ավելացել է 2%-ով` կազմելով 80,3 մլրդ դրամ ($200.7 մլն):

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով «ՄՏՍ» ԲԲԸ ֆինանսական ցուցանիշները, նախորդ տարվա IV եռամսյակում օպերատորի հասույթը III եռամսյակի համեմատ կրճատվել է 5%-ով` կազմելով 20.9 մլրդ դրամ:

2009թ. ընկերության գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության պահումը (OIBDA) աճել է 3%-ով` կազմելով 43.1 մլրդ դրամ:

«Տարեկան հաշվարկով OIBDA շահութաբերության աճը պայմանավորված է ընկերության գործառնական արդյունավետության բարելավմանն ուղղված հաջող աշխատանքով»,- նշել են «ՄՏՍ» ԲԲԸ-ում:

Մեկ տարվա ընթացքում VivaCell-MTS-ի բաժանորդային բազան ավելացել է 56,1 հազարով` 2009թ. վերջում կազմելով 2 մլն 73,1 հազ.:

Մեկ բաժանորդից օպերատորի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) 2009թ. կրճատվել է 15%-ով` տարեվերջին կազմելով 3,267 դրամ: Մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի օգտագործած րոպեների քանակը (MOU) 2009թ. ավելացել է 14%-ով` կազմելով 203 րոպե:

2009թ. VivaCell-MTS-ի կապիտալ ծախսերը 2008թ. համեմատ աճել են 39.8%-ով` կազմելով $48.5 մլն:

«ՄՏՍ-ը դրական է գնահատում հայաստանյան օպերատորի տարեկան հասույթի ավելացումը, որը տեղի է ունեցել ճգնաժամի եւ շուկա նոր խաղացողի մուտքի պայմաններում»,- նշել են ՄՏՍ-ում: