17:23 | 02.04.10 | Նորություններ | 4273

Ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կենտրոնը Հայաստանում նախատեսվում է գործարկել մոտ ապագայում

Երեւան/Մեդիամաքս/. Առաջիկա ամիսներին Հայաստանում նախատեսվում է գործարկել ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կենտրոն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում «Արմիքս» ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամի առաջին նիստում եւ հիմնադիր ժողովում հայտարարել է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքերով, կենտրոնն իրենից ներկայացնելու է հանգույց, որում միավորվելու են հայաստանյան խոշոր պրովայդերների ցանցերը: «Կենտրոնի շնորհիվ ինտերնետ-թրաֆիկի շուրջ 20-30%-ը կմնա Հայաստանում եւ չի հատի պետական սահմանը, որի արդյունքում կնվազեն պրովայդերների ծախսերը եւ ինտերնետի գները, իսկ որակը զգալիորեն կբարելավվի»,- ասել է Կարեն Վարդանյանը:

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը տեղեկացրել է, որ ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կետեր կան բազմաթիվ երկրներում, դրանք ապահովում են ինտերնետ-թրաֆիկի փոխանակումը ոչ թե արտաքին աշխարհի միջոցով, այլ` ներքին միացումների օգտագործմամբ:

«Այսօրվա պայմաններում, երբ իրար հետեւից հայաստանյան շուկա են մտնում խոշոր պրովայդերներ, ցանկացած հաջորդ պրովայդեր ստիպված է հերթով փոխկապակցում հաստատել մնացած պրովայդերների հետ, ինչն կակաբնական է: Ինտերնետ-թրաֆիկի փոխանակման կենտրոնի գործարկումից հետո պրովայդերին անհրաժեշտ կլինի միայն միանալ դրան, ինչը, ամեն ինչից բացի, կհանգեցնի հայաստանյան ներքին ինտրացանցի (intranet) զգալի արագացմանը»,- ասել է Իգոր Մկրտումյանը:

Կենտրոնի ստեղծման նախաձեռնող խմբի անդամ, Orange Armenia-ի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախնական փուլում կենտրոնը կարելի է գործարկել պրովայդերների ունեցած սարքավորումներով, որից հետո նախատեսվում է ներկրել շուրջ $130 հազար արժողությամբ անհրաժեշտ սարքավորումներ:

«Արմիքս»-ի հիմնադիրներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, իսկ նախաձեռնող խմբում, Orange Armenia-ից բացի, ներգրավված են նաեւ ADC-ն, Ucom-ը, Icon Communications-ը, Web-ը, Apaga Technologies-ը, GNC Alfa-ն, Shirak Technologies-ը եւ այլն:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ նախաձեռնությանը չի մասնակցում Հայաստանում ամենախոշոր ցանցն ունեցող «ԱրմենՏել» ընկերությունը, Կարեն Վարդանյանն ասել է, որ UITE-ն նամակներով դիմել է «ԱրմենՏել»-ին, սակայն պատասխան չի ստացել: