16:38 | 01.03.10 | Նորություններ | 2800
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է ֆիզիկական անձանց համար “Շիրակ”, “Լոռի”, “Սյունիք”, “Տավուշ” եւ “Վայոց Ձոր” կանխավճարային մարզային սակագնային փաթեթների գործարկման մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, սակագնային պլանները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր 9 դրամով` անկախ խոսակցության տեւողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց:
“Մայրաքաղաքից առավել հեռու գտնվող մարզերի բնակիչները ստանում են աննախադեպ հնարավորություն. շփվել Beeline ցանցում եւ չմտածել խոսակցության տեւողության մասին: Հաճախորդը վճարում է ընդամենը 9 դրամ ելքային զանգի դիմաց, իսկ որքան նա կխոսի` 1 րոպե, թե 1 ժամ, նշանակություն չունի”,- նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Իր մարզում գտնվող մարզային սակագնային պլանի բաժանորդի համար դեպի Beeline ցանցի այլ հեռախոսահամարներ ելքային զանգի արժեքը 9 դրամ է: Խոսակցության տեւողությունը տարիֆիկացվում է` ելնելով 0 դրամ/րոպե հաշվարկից: Եթե բաժանորդը գտնվում է իր մարզից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է:
Մարզային սակագնային պլանի բաժանորդների համար դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում` միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի սակագինը 29 դրամ է` փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ դիմաց:
Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից ` 400 դրամով, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Դեպի մարզային սակագնային պլաններ Beeline այլ սակագնային պլաններից անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային պլանների միջեւ անցումները փակ են: