14:45 | 11.02.10 | Նորություններ | 3943

Հայաստանում կներդրվի հեռահար ուսուցման համակարգ

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռահար ուսուցման համակարգի ներդրման վերաբերյալ:

Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որոշումը թույլ կտա հեռահար ուսուցում կազմակերպել ինչպես տեղի ուսանողների, այնպես էլ սփյուռքահայերի համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ որոշումը դարձել է ակտիվ քննարկումների հետեւանք, եւ այն թույլ կտա որոշել բուհերում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հեռահար ուսուցման կարգը:

Նրա խոսքերով, այդ որոշմամբ կառավարությունը ներդնում է ուսուցման նոր մշակույթ, որն ուղղված է կրթության որակի բարելավմանը:

“Հայաստանը Բոլոնյան գործընթացի անդամ է, եւ մենք միակ երկիրն ենք, որտեղ բացակայում է հեռահար ուսուցման հնարավորությունը: Հեռահար ուսուցման համակարգի ներդրումից հետո մենք պետք է համապատասխան քաղաքականություն ձեւավորենք բարձրագույն կրթության ոլորտում երկրի մրցունակության ապահովման համար”,- ասել է Տիգրան Սարգսյանը: