13:53 | 21.01.10 | Նորություններ | 9025

Գյումրիում ձեւավորվեց նոր խոշոր ինտերնետ-պրովայդեր

Երեւան /Մեդիամաքս/. “Ապագա Թեքնոլոջիս” ընկերությունն այսօր հայտարարել է Գյումրիում ու Շիրակի մարզում ինտերնետ-ծառայություններ մատուցող առաջատար ընկերությանը` “Շիրակ Թեքնոլոջիսին” պատկանող հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ձեռքբերման մասին:

“Շիրակ Թեքնոլոջիսի” հեռահաղորդակցական ակտիվները ներառում են մեծ օպտիկամանրաթելային ցանց եւ տվյալների փոխանցման հանգույցներ Գյումրիում եւ Երեւանում, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Ապագա Թեքնոլոջիսում”:

“Շիրակ Թեքնոլոջիսի” ակտիվները կինտեգրվեն “Ապագա Թեքնոլոջիսի” առկա ցանցի մեջ` դարձնելով այն հիբրիդ ենթակառուցվածք, որը կներառի եւ օպտիկամանրաթելային մալուխը, եւ Wi-Fi անլար տեխնոլոգիան”, - ասաց “Ապագա Թեքնոլոջիսի” տնօրեն Միշել Դավուդյանը:

“Մենք կսկսենք տրամադրել ինտերնետ-ծառայություններ Գյումրիում եւ գյուղական համայնքներում՝ OZONE Հայաստան եւ OZONE Village անվանումներով: Մենք նաեւ կընդարձակենք մեր ծառայությունները Գյումրիում մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ունեցող կազմակերպությունների համար”, - ասաց նա:

“Ապագա Թեքնոլոջիսը” հանդիսանում է OZONE Europe ընկերության ներկայացուցիչը Կովկասյան տարածաշրջանում` տեղակայելով Ozone լայնաշերտ ինտերնետի տեխնոլոգիան Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում: