14:46 | 17.12.09 | Նորություններ | 3783
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը 2010-2012թթ. ընթացքում հանդես կգա որպես Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ /Հ1/ խոշորագույն միջազգային մարզական միջոցառումների հեռարձակման գլխավոր հովանավոր:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր համապատասխան համաձայնագիր են ստորագրել “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հ1-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը:
Արմեն Արզումանյանը տեղեկացրել է, որ 2010-2012թթ. ընթացքում Հ1-ը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի աջակցությամբ հեռարձակելու է Ձմեռային օլիմպիական խաղերը (2010թ.), Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը (2010թ.), ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգան (2010-2011թթ.), Ամառային օլիմպիական խաղերը (2012թ.) եւ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը (2012թ.):
Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հերթական անգամ սպորտի գործընկեր դառնալու պատրաստակամություն է ցուցաբերում:
“Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի ճաշակն ու նախապատվությունները` դրանով իսկ բավարարելով հնարավորինս մեծ լսարանի հետաքրքրությունները: Այս հովանավորությունը ստանձնելով` մեր ընկերությունը հասարակությանը հնարավորություն է տալիս հետեւել մեծ սպորտին”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Նա ընդգծել է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի 3G ցանցը եւս ծառայում է այդ նպատակին:
“Այսօր ցանկացած մարդ, ում հեռախոսը միացած է մեր 3G ցանցին, կարող է հետեւել համաշխարհային սպորտի իրադարձություններին` շարժական հեռուստատեսության ծառայության շնորհիվ”,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը: