10:37 | 17.12.09 | Նորություններ | 3306

«ԱրմենՏելը» հայտարարել է Hi Line-ի «աննախադեպ պահանջարկի» մասին

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏելը» հայտարարել է «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի շրջանակներում Hi Line ծառայության «աննախադեպ պահանջարկի» մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ԱրմենՏելի» մամլո ծառայությունում, «Ինտերնետ յուրաքանչյուր տուն» ակցիայի մեկնարկից (դեկտեմբերի 8-ից) ի վեր ընկերությունը ստացել է Hi Line ծառայության միացման շուրջ 5000 դիմում:

«Ստացված դիմումները հնարավորինս սեղմ ժամկետում բավարարելու նպատակով  ձեռնարկվում են  անհրաժեշտ բոլոր քայլերը, եւ դեկտեմբերի 15-ի դրությամբ հաճախորդի կողմից ներկայացված հայտի բավարարման միջին ժամկետը չի գերազանցել 24 ժամը: Չնայած ակցիայի նկատմամբ հետաքրքրությունը եւ ստացվող հայտերի քանակը մինչ օրս շարունակաբար աճում են, «ԱրմենՏել» ընկերությունը ջանք չի խնայում հայտերի բավարարման ժամկետը հնարավորինս կրճատելու համար»,- նշել են մամլո ծառայությունում:

Այստեղ ընդգծել են նաեւ, որ «անհրաժեշտ բոլոր սարքավորումներն առկա են բավարար քանակությամբ, եւ ակցիայի շրջանակներում ներկայացված բոլոր դիմումները  կբավարարվեն: Բացի այդ, որակյալ թրաֆիքի նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով մեկուկես անգամ ավելացվել են արտաքին կապուղիները»: