14:07 | 16.12.09 | Նորություններ | 3760
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանում Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2010թ. սկզբին, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերից կենտրոնը կսկսի աշխատել լիարժեք ռեժիմով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` հանդես գալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայի եւ Հնդկաստանի Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնի (C-DAC) մասնագետների հետ համատեղ մամլո ասուլիսում:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հանդես է գալիս որպես C-DAC-ի գործընկերը Հայաստանում ուսումնական կենտրոնի ստեղծման ոլորտում:
Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ կենտրոնը գործելու է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ տարածքում, ունենալու է լաբորատորիաների ցանց այլ հաստատություններում եւ բաց է լինելու հետազոտողների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար: Բագրատ Ենգիբարյանի խոսքերով, կենտրոնում տեղադրվելու է Param սուպերհամակարգիչը` ՏՀՏ (համակարգիչների, համակարգչային տեխնիկայի եւ ծրագրային ապահովման հնարավորությունների մեծացման ուղղությամբ` High Performance Computing), կենսաինֆորմատիկայի եւ քիմիայի ոլորտներում հետազոտությունների անցկացման նպատակով: Կենտրոնը հաշվարկված է լինելու տարեկան 1000 IT մասնագետների ուսուցման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը լինելու է IT ոլորտի մասնագետների լայն շրջանակի պատրաստումը, կենտրոնում կազմակերպվելու են դասընթացներ բուհերի դասախոսական կազմի համար, կատարվելու է պետական եւ այլ կառույցների մասնագետների նախապատրաստում եւ վերապատրաստում: Նախարարը նշել է, որ կենտրոնն անցկացնելու է նաեւ հավաստագրում եւ սերտիֆիկացված դասընթացներ ոչ միայն Հայաստանի, այլեւ հարեւան երկրների մասնագետների համար:
Նախագծում հնդկական կողմի ներդրումների ծավալը կազմում է $1,75 մլն: Ավելի վաղ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում Բագրատ Ենգիբարյանը նշել էր, որ Հայաստանը կենտրոնի ստեղծման համար կներդնի $500 հազար: