Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը դարձել է Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց ակումբի 2010թ. գլխավոր եւ բացառիկ հովանավորը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում համապատասխան համաձայնագիր են ստորագրել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ակումբի խորհրդի անդամ Արթուր Մինասյանը:
Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, լինելով Հայաստանում սպորտի գործընկերը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վստահ է, որ անհրաժեշտ է օժանդակել հայրենական բասկետբոլի զարգացմանը:
«Սպորտում, ինչպես եւ բիզնեսում, կարեւորը հաղթանակն է, իսկ «Հատիսի» հաջողությունները նաեւ մեր հաջողություններն են: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հիմնական նպատակը սպորտին աջակցելու գործում երիտասարդ սերնդի համար կայուն զարգացում ապահովելն է: Մենք պետք է մեր երեխաների գիտակցությանը հասցնենք հաղթելու ցանկությունը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությունը «Հատիսին» թույլ կտա ներգրավել լավագույն մարզիկներին եւ բարձրացնել խաղի որակը: